HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հմայակ Հովհաննիսյան. «Ես իմ թեկնածությունը հետ կվերցնեմ հօգուտ Նիկոլ Փաշինյանի»

h-hovhannisyan_01.12.09«Ես իմ խոսքի տերը կլինեմ և կօգտվեմ թեկնածությունս հետ վերցնելու իմ իրավունքից: Ես դա կանեմ միմիայն հօգուտ Նիկոլ Փաշինյանի, քանի որ համաձայն մեր պայմանավորվածության` նա պարտավորվում է ընտրվելու դեպքում առաջ քաշել իմ հարցերը և մտահոգությունները»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հետևելով թիվ 10 ընտրատարածքի առաջադրման գործընթացին` ինքը նկատել է արդեն իսկ գրանցված մի շարք օրինախտումներ, այնինչ այդ խախտումները ոչ թե ինքը, այլ մի շարք «գրանտակեր կազմակերպություններ» պետք է նկատեին: «Այս կազմակերպությունները պետք է նկատեին, որ հենց այն պահից, երբ Խաչատուր Սուքիասյանը իր հրաժարականը ներկայացրեց, խախտվել է ընտրական օրենսգիրքը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը` հավելելով, որ այս երկրում միայն նա` Հմայակ Հովհաննիսյանը (իր մասին խոսելով երորրդ դեմքով) բարձրաձայնեց այդ խախտումների մասին: Հ. Հովհաննիսյանը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգքի 118-րդ հոդվածի 2-րդ կետին, ասաց, որ տվյալ պարագայում խախտվել է ԱԺ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու օրենքով սահմանված ժամանակահատվածը: «Խ. Սուքիասյանը հրաժարական տվեց սեպտեմբերի 15-ին, և ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի դիմումը 15 օրվա ընթացքում, ինչպես դա արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա մանդատն ԱԺ նախագահը պիտի թափուր հայտարարի: Խ. Սուքիասյանը հետ չվերցրեց հրաժարականի դիմումը, և  հոկտեմբերի 1-ից մանդատը թափուր էր: Սկսած այդ օրվանից 80 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել և անցկացնել ընտրություններ»,- ասաց նա: Այդ խախտումների մասին Հ. Հովհաննիսյանը բարձրաձայնել է հոկտեմբերին, սակայն մինչ օրս ոչ մի մեկնաբանություն չի եղել որևէ կազմակերպության կամ կառույցի կողմից: Իսկ ընտրությունների օրը հունվարի 10-ին նշանակելը, Հ. Հովհաննիսյանի համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ այդ ընթացքում նոր տարվա տոնակատարություններ են, և թերթերը լույս չեն տեսնում: Նախընտրական խախտումներից մեկն էլ, ըստ Հ Հովհաննիսյանի, իր թեկածությունը հետ վերցրած դերասան Վլադիմիր Կոստանյանի` նոյեմբեի 20-ին Ազնավուրի հրապարակում կազմակերպած հանրահավաքն էր, որին, ըստ բանախոսի, ամեն կերպ սատարում էին քաղաքապետարանը և իրավապահ մարմինները: Նման երևույթը, ըստ Հ. Հովհաննիսյանի, և’ ժամանակային, և’ բովանդակային առումով հակասում է ՀՀ ընտրական օրեսդրությանը: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կոստանյանի վերջերս «Ազդակ» ակումբում արած այն հայտարարությանը, թե որպես իր բարի կամքի դրսևորում նա կառաջարկի պրն. Հովհաննիսյանին Գևոյի մանրապատումներում «մեյմունի» դեր խաղալ, Հ. Հովհաննիսյանն ասաց, որ մարդ եթե ասելու բան չի ունենում, անցնում է հայհոյանքներին և անձնական վիրավորանքին, ինչին «ընդունակ են միայն տականքները»: Իսկ հայհոյանքին պատասխանել հայհոյանքով բանախոսը չի պատրաստվում` դա  խորթ համարելով իր էությանը: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter