HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշը ավելի ցածր է տարածաշրջանի և աշխարհի ընդհանուր ցուցանիշից

spid_01.11.09Հայաստանում կամավոր խորհրդատվության ու հետազոտության 150 կետ է գործում 2008 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում ապրում է ՄԻԱՎ-ով վարակված 33,4 մլն մարդ, որից 2,1 մլն-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2008 թ. ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 2,7 մլն մարդ, որից 430 հզ.-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2008 թ. ՁԻԱՀ-ից մահացել է 2 մլն մարդ, որից 280 հզ.-ը երեխաներ են: Այս մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշը 0,8 տոկոս է: ՄԻԱՎ-ը ամենից տարածված է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, որտեղ վարակված է մեծահասակ բնակչության 5,2 տոկոսը: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որտեղ գտնվում է Հայաստանը, այս ցուցանիշը 0,7 տոկոս է: Մեր տարածաշրջանում ՄԻԱՎ-ը ամենից տարածված է Ուկրաինայում` 1,6 տոկոս, ինչը շատ բարձր ցուցանիշ է: «ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածությունը, ի պատիվ մեզ, մեր աշխատանքների և նաև տարբեր վարքագծային առանձնահատկությունների, գտնվում է 0,12 տոկոսի շրջանակներում, որը և տարածաշրջանային ցուցանիշից է ցածր, և աշխարհի ընդհանուր ցուցանիշից»,- ասաց Սամվել Գրիգորյանը: ՀՀ-ում դեկտեմբերի 1-ի դրությամբ ՄԻԱՎ վարակի 808 դեպք է գրանցվել, որից 16-ը 15 տարեկանից փոքր երեխաներն են: ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերի թիվը 371 է, որից 8-ը երեխաներ են: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների շրջանում գրանցված մահվան դեպքերը կազմում են 200, որից 4-ը երեխաներն են: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը ՀՀ-ում կազմում է 2300: Սամվել Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցով ամենախիտ բնակեցված տարածաշրջանը Սահարայից հարավ ընկած Աֆրիկան է, որտեղ ապրում է 22,4 մլն վարակված մարդ: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ապրում է ՄԻԱՎ-ով վարակված 1,5 մլն մարդ: Մեր տարածաշրջանում 2008 թ. ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվելու 110 հզ. նոր դեպք է արձանագրվել: «ՁԻԱՀ-ից մահացության դեպքերի գերակշռող մասը դարձյալ Սահարայից հարավ ընկած Աֆրկայում է` 1,4 մլն: Մեր տարածաշրջանում 87 հզ. մահվան դեպք է արձանագրվել, որը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, և հիմնականում պայմավորված է հակառետրովիրուսային բուժման սահմանափակ մատչելիությամբ մեր տարածաշրջանում»,- նշեց Սամվել Գրիգորյանը: ՄԱԿ-ի Մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին ասաց, որ ամբողջ աշխարհում նոր վարակված մարդկանց թիվն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր բուժում են ստանում ՄԻԱՎ վարակից: Նոր վարակված յուրաքանչյուր 5 մարդուց միայն 2-ն է բուժում ստանում: Լեյլի Մոշիրիի խոսքերով` Հայաստանում գլխավոր մարտահրավերը դեռևս մնում են ծառայությունների որակը բարձրացնելը, ամենից խոցելի կանանց հասնելը, ՄԻԱՎ-ի մասին գիտելիքները հարստացնելը: «Մեկ այլ մարտահրավեր է խրախուսել ավելի շատ մարդկանց` կամավոր ՄԻԱՎ հետազոտություն անցնել և խորհրդատվություն ստանալ նախքան ախտանշանների հայտնվելը: Թեև այսպիսի ծառայություններ կան երկրում, սակայն պետք է բարձրացնել այդպիսի ծառայությունների որակը և մեծացնել դրանց հասանելիությունը»,- ասաց Լեյլի Մոշիրին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն ասաց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շահառուները` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրությունը, հնարավորություն ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովում բարձրացնել իրեն հուզող և հետաքրքրող հարցերը: Հանձնաժողովը տարեկան հաշվետվություն է ներկայացնում ՀՀ վարչապետին: «Մենք շատ անելիքներ ունենք: ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսի, այն է` «համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ», համատեքստում, քանզի անվիճելի է, որ կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավուքնների պաշտպանության, նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել համաճարակի բացասական հետևանքները և կանխել դրա հետագա զարգացումը»,- ասաց Մխիթար Մնացականյանը: ՀՀ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ 2007-11 թթ. համար կառավարության ընդունած ազգային ծրագիրը նախատեսում է մորից երեխային ՄԻԱՎ-ի անցման կանխարգելում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց բուժում, խնամք և աջակցություն, անհրաժեշտ խորհրդատվություն, լաբորատոր հետազոտություններ: «Մենք հուսով ենք, որ մեր բոլոր ջանքերը` և հկ-ների, և միջազգային կազմակերպությունների, և անհատների, և կառավարության մարմինների, կտան անհրաժեշտ արդյունք: Մենք հավակնոտ թիրախ ունենք, որ 2010 թ. բոլոր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ հնարավորություն ունենան աջակցության, խնամքի և բուժման»,- ասաց Թաթուլ Հակոբյանը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան ղեկավար Մանուելա Գրոզդանովան նշեց, որ նոր վարակվածության մակարդակը վերջին 8 տարիներին ամբողջ աշխարհում անկում է ապրել, և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ավելի երկար և ավելի առողջ կյանքով են ապրում: Նրա խոսքերով` Հայաստանում բոլոր մարդիկ, ովքեր ՄԻԱՎ-ից բուժման կարիք ունեն, ստանում են այդ բուժումը: Մանուելա Գրոզդանովան ասաց, որ հաջորդ 6 տարիներին Հայաստանը 19 մլն եվրո է ստանալու ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամից` որպես աջակցություն ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային գործողություններին: Սակայն, նրա խոսքերով, պետք է ուշադրություն դարձնել նաև մարտահրավերներին, որոնց շարքում են խնդրի վերաբերյալ երիտասարդների և շարժուն հասարակության գիտելիքների հարստացումը, ՄԻԱՎ-ի` սեռական ճանապարհով տարածման կրճատումը, վարակված մարդկանց նկատմամբ խտրականության դեմ պայքարը: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հկ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանն ասաց. «Պետք է խոսել ոչ միայն խտրականության մասին, որը կա մեր հասարակության մեջ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, այլև խոցելի խմբերի նկատմամբ, որովհետև խարանը ամենադժվար հաղթահարելի խոչընդոտն է համընդհանուր հասանելիություն ապահովելու համար: Երկրում կարող են լինել բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, բոլոր անհրաժեշտ մարդկային ռեսուրսները, սակայն այդ կանխարգելիչ ծրագրերը և խնամքի, աջակցության ծրագրերը չեն աշխատի այնպես, ինչպես պետք է աշխատեին, քանի դեռ խտրականությունը և խարանը կրում են հանընդհանուր բնույթ»: Հովհաննես Մադոյանի խոսքերով` այսօր նվաճումներից մեկն այն է, որ Հայաստանում մատչելի է կամավոր խորհրդատվության ու հետազոտության ծառայությունը. երկրում 150-ից ավելի կխհ կետ է գործում, սակայն այդ կետերը բավարար արդյունավետ չեն աշխատի, քանի դեռ հասարակության մեջ կա վախ` ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ ախտորոշում ստանալու նկատմամբ: «Հասարակության մեջ խտրականությունը և խարանը հնարավորություն չեն տալիս ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել կանխարգելիչ աշխատանքներում, ինչը ամբողջ աշխարհում ապացուցված է, որ ՄԻԱՎ-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներին մեկն է: Այն ներուժը, որ համաճարակի դեմ պայքարին կարող են տալ այդ հանրույթները, մենք չենք կարողանում օգտագործել լիարժեք, քանի դեռ մեր հասարակությունում այդ վերաբերմունքը փոխված չէ»,- ասաց Հովհաննես Մադոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter