HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

8 տարի ապրելով գետնախորշում` չեն կարողանում հարմավել սենյակային պայմաններին

«Հետքն» անդրադարձել էր 8 տարի շարունակ Աշտարակ քաղաքի Արցախի փողոցի 51 հասցեի գետնախորշում ապրող Հակոբ Հարությունյանի պատմությանը: Հիշեցնենք, որ Հակոբը մոր` Խանում Հարությունյանի հետ ապրել է 2քմ մակերեսով գետնախորշում: Այս տարվա գարնանը գետնախորշում մահացել է Խ. Հարությունյանը եւ դրանից հետո Հակոբը գետնախորշ է բերել 2 անծանոթ կանանց` Անժելային ու Արմինեին, որոնք ունեին անչափահաս երեխաներ` 5 եւ 1,5 տարեկան:

Նկատի ունենալով, որ Արագածոտնի մարզը չունի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  երեխաների խնամքի գիշերօթիկ կամ ցերեկային խնամքի կենտրոններ, մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների ահազանգի  հիման վրա Անժելայի դստերը` 2004 թվականին ծնված Արմինե Կարապետյանին, տեղափոխել են Երեւանի «Երեխաների աջակցության կենտրոն» (Տես՝ Նրանք ութ տարի ապրում էին գետնախորշում):

Արագածոտնի մարզպետի միջամտությամբ, հուլիս ամսից 2 կանայք եւ  Հակոբն ապրում են Աշտարակ քաղաքի ժամանակավոր կացարանում: Անցել են ամիսներ, ինչ նրանք դուրս են եկել գետնախորշից, սակայն այդպես էլ Հակոբը, Անժելան ու Արմինեն չեն հարմարվում սենյակային պայմաններին: Երբ այցելեցինք հանրակացարան, նրանց սենյակի դուռը կողպված էր, սակայն ներսից լսվում էր կանանց ձայները: Պարզվեց Հակոբը օրը 3000 դրամով աշխատանք է գտել Երեւանում եւ ամեն անգամ աշխատանքի գնալիս դուռը կողպեքով փակում է կանանց: Անժելայի հետ զրուցեցինք փակ դռների ետեւից: Նա մեզ պատմեց, որ  Հակոբը դուռը կողպում է իրենց վրա, որպեսզի  անհանգստացնող չլինի: Anjela_01.12.09«Ստեղ մեզ չեն անհանգստացնում, էն հողամասում էին անհանգստացնում (նկատի ունի գետնախորշը): Հակոբը, որ ուշ ա գալիս տուն, դրա համար ա դուռը փակում: Ինքը, որ տուն ա գալիս, դուռը բացում ա մենք նոր դուրս ենք գալիս»,-ասաց Անժելան: Նրա ասելով, հիմա անհամեմատ ավելի լավ են ապրում եւ ոչ մեկից դժգոհելու առիթ չունեն: Քանի որ նրանց գետնախորշում հայտնաբերել էին Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, դիմեցինք բաժնի պետ Գայանե Դանիելյանին` պարզելու համար, թե ինչպես են ապրում Հակոբն ու 2 կանայք: Գ. Դանիելյանը պատմեց, որ օրեր առաջ Անժելան տղա երեխա է ունեցել ու մայրը չգիտի էլ, թե ով է երեխայի հայրը: «Քանի որ Անժելան անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չունի, մարզպետարանն է խնդրել հիվանդանոցին տնօրինությանը, որպեսզի նա հիվանդանոցում ծննդաբերի: Ես անձամբ գրավոր  դիմել եմ Վանաձորի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետին, որպեսզի մեզ տրամադրեն Անժելայի ծննդյան վկայականի կրկնօրինակը (Անժելան Վանաձորում է ծնվել ու ապրել,-հեղ.), որպեսզի կարողանանք Անժելայի անձնագրի ու նրա նորածին երեխայի ծննդյան վկայականի հարցը լուծել: Մինչեւ հիմա գրավոր նամակիս պատասխանը չեմ ստացել: Ընդհանրապես նրանց փաստաթղթերի կարգավորման հարցը շատ դանդաղ է առաջ գնում»,-ասաց Գայանե Դանիելյանը: Նրա պատմելով, հարեւանները վախեցրել էին Հակոբին ասելով, որ ոստիկանները կձերբակալեն նրան` միանգամից 2 կին պահելու համար: Նա էլ Արմինեին ու նրա 1.5 տարեկան որդուն հանրակացարանի սենյակից դուրս է արել: Արմինեն գնացել է Երեւան ծնողների տուն, սակայն ծնողները չեն ընդունել աղջկան ու թոռանը եւ նա երեխայի հետ մնացել է փողոցում: Գայանե Դանիելյանի ասելով, ոստիկանները տեսնելով փողոցում թափառող Արմինեին, երեխային վերցրել են նրա ձեռքից ու հանձնել են մանկատուն, իսկ Արմինեին տարել են անօթեւանների կացարան: «Չգիտեմ որտեղից Հակոբը լսել էր, որ Արմինեի եղբայրը սպանել է քրոջը ու նա հետաքրքրվելով գտել է Արմինեին ու բերել է հանրակացարան: Հիմա երեխային չեն կարողանում մանկատնից վերցնեն, որովհետեւ Արմինեն ոչ մի փաստաթուղթ չունի: Երեխան նույնպես ծննդական չունի: Բայց Արմինեն շատ հաճախ է այցելում մանկատուն` երեխային տեսնելու համար»,-ասաց Գ. Դանիելյանը: Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը «Հետքին» փոխանցեց, որ Հակոբն ու նրա հետ ապրող 2 կանայք հոգեբանի օգնության խիստ կարիք ունեն, քանի որ բավականին անհավասարակշիռ բնավորություն ունեն: «Փոքր սենյակը վարագույրով կիսել են ու Անժելան որդու հետ առանձին է ապրում, Հակոբն ու Արմինեն էլ առանձին: Հակոբը շատ անհավասարակշիռ ու փոփոխական է դարձել: Մեկ ասում է, որ իր սիրելի կինը Անժելան է ու նրա երեխան էլ իրենն է, մեկ էլ Արմինեի կողմն է թեքվում: Այս ընթացքում նրանց մեջից վախը դուրս չի եկել, ոչ մեկի հետ չեն շփվում»,-նշեց Գ. Դանիելյանը: Նշենք, որ Հակոբն ու 2 կանայք օգտվում են Աշտարակի բարեգործական ճաշարանից, քանի որ Հակոբը ոչ միշտ է աշխատանքի գնում եւ գումար վաստակում: Գ. Դանիելյանի ներկայացմամբ, մարզպետարանի օգնությամբ Հակոբի անձնագիր է ստացել եւ հիմա փորձում են մոր անունով եղած հողակտորը, որպես ժառանգություն ձեւակերպեն Հակոբի անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter