
«Տիեզերական» պատասխան եկեղեցուց
Կեչառիսի վանական համալիրի տարածքում սննդի օբյեկտ կառուցելու նպատակով Եկեղեցու և «Կարիգագ» ՍՊԸ-ի միջև վարձակալության և կառուցապատման պայմանագիր կնքելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հարցեր էինք ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին (արդեն մեկ ամիս է, եկեղեցուց չենք կարողանում մի «ճշմարիտ խոսք» լսել):
Խնդրել էինք տեղեկացնել, թե վարձակալության և կառուցապատման պայմանագիրը ե՞րբ է ստորագրվել, Եկեղեցու անունից ո՞վ է ստորագրել պայմանագիրը, քանի՞ տարով է հողհատկացում կատարվել: Այս հարցերին Տեր Վահրամը չի պատասխանել ըստ էության՝նշելով, որ «մեր հարցերի առնչությամբ պետք է դիմենք Կոտայքի թեմի առաջնորդարան»:
Մեր հաջորդ հարցին, թե նման պայմանագրերի դեպքում ինչո՞ւ չի տեղեկացվել Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, Տեր Վահրամը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Մայր Աթոռի տեղեկացնելուն, ապա պայմանագիրը կնքվել է Մայր Աթոռի գիտությամբ, և անհրաժեշտ բոլոր թելադրությունները ժամանակին կատարվել են (նկատի ունեմ ձեր մատնանշած խնդիրները և ստեղծված կացությունը)»:
Փաստորեն, Տեր Վահրամը բառացիորեն խոստովանում է, որ «պայմանագիրը կնքվել է Մայր Աթոռի գիտությամբ»: «Հետքի» հետ զրույցում էլ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Ա. Նազարեթյանն ասել էր, որ կաթողիկոսը մամուլից է տեղեկացել շինարարության մասին, ինքն էլ շինությունը նայելուց հետո է հասկացել, որ «որոշ խանգարող բաներ կան»:
Ստացվում է, որ կաթողիկոսը մամուլից է տեղեկացել, գլխավոր ճարտարապետը շինարարությունը տեսել է սկսվելուց հետո, բայց ամիսներ շարունակ Կեչառիսի վանական համալիրում և այնտեղ գործող Սուրբ Հարություն եկեղեցու քթի տակ շինարարություն է ընթացել՝ առանց նախագծի և շինթույլտվության, և նախագիծն էլ դեռ նոր պիտի եկեղեցու ճարտարապետական խորհրդում քննարկվի:
Կրկին հիշեցնենք, որ Կոտայքի թեմի առաջնորդին փոխարինող Հարություն Հարությունյանն ասել էր, որ Սուրբ Հարություն եկեղեցում ընդամենը բարեկարգման և հողահեռացման աշխատանքներ են կատարվում:
Թե Եկեղեցու որ ներկայացուցչի խոսքերն են համապատասխանում իրականությանը, կամ ով է ստում, կերևա առաջիկայում, բայց ո՞ւր մնացին Աստվածաշնչի 10 պատվիրանները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել