Սպանություն, որ ցնցեց Երևանը
Դեռահաս Սոս Մելքոնյանի դանակահարությունը վերջին օրերին քրեական խճանկարում ամենադաժան սպանությունն էր: 14-ամյա դեռահասը Գժոյանների տոհմից էր, որոնք Երևանում հայտնի էին իրենց հարստությամբ: Նաև հիշատակվում են արյան վրեժի հետ կապված պատմություններում:

Գժոյաններից մեկը դատապարտվել է գողական աշխարհի ներկայացուցիչ Դքի Նորոյի սպանության համար: Բացառված չէ, որ Սոս Մելքոնյանի մայրն իր ազգանունն է տվել տղային` նրան փորձանքից հեռու պահելու նպատակով:
Տղայի մարմինը, արյան լճակներով շրջապատված, առաջինը տեսել է մայրը, որ տուն է մտել ու շեմին հայտնաբերել որդու դին: «Դեմքն այլանդակված էր, բերանը` կտրված, աչքերը` հանած, ականջները` կտրտած»,- պատմում են հարևանները, որոնք կնոջ ճիչերի վրա դուրս են թափվել տներից: Զանգահարել են հորը, որը շտապ հասել է տուն: Որդեկորույս Արտակ Գժոյանի առաջին ռեակցիան եղել է բացականչությունը` «սենց էլ վրե՞ժ»:
Գուրգեն Եղիազարյանը երդվել է խարակիրիի թրի վրա
Գուրգեն Եղիազարյանին հեռացրել են ՍԴՀԿ-ից: Երեկ նա պատմել է, որ իր երդմնակալության ժամանակ կուսակցության գրասենյակում միայն ճապոնական մշակույթում հայտնի խարակիրիի համար նախատեսված ծիսական կարճ թրեր են եղել:
Նրան ստիպել են երդվել կանացի թրի վրա, ինչից նա վիրավորվել է:
Օլեգ Եսայանը` ՌԴ-ում դեսպա՞ն
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` մոտակա օրերին Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվելու Օլեգ Եսայանը: Մինչ այդ նա եղել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ, իսկ այս պահին զբաղեցնում է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը:
Չի կարող միջնորդել
Արձագանքելով գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանի և Գուրգեն Դալիբալթայանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված կոչին` ազատ արձակել առողջական խնդիրներ ունեցող, ազատամարտին մասնակից Սասուն Միքայելյանին` նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասել է.
«Առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալը կարող է ազատ արձակվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ և օրենսդրությամբ առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու լիազորությամբ հանրապետության նախագահն օժտված չէ»:
Կոմանդո´ր, ես ակամա
ՀՀԿ 12-րդ համագումարի ընթացքում արտառոց երևույթ է տեղի ունեցել: ՀՀԿ նախագահի և գործադիր անդամների թեկնածուների առաջադրումից ժամ ու կես առաջ ՀՀԿ-ականներից շատերն արդեն սկսել են քվեարկել: Ընդ որում` պարզվել է, որ քվեաթերթիկները նախապես արդեն տպագրված են եղել:
«ՉԻ» - Զուտ հոգեբանորեն այս երևույթը, իհարկե, միանգամայն հասկանալի է: Հիշո՞ւմ եք «Ոսկե հորթը» ֆիլմի այն դրվագը, երբ Շուրա Բալագանովը, գրպանում ունենալով 50.000 ռուբլի, տրանսպորտային հրմշտոցի մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկի պայուսակից մի քանի ռուբլի է գողանում:
Սովորության հարց է, և նրա` «Կոմանդո´ր, ես ակամա» արդարացումն իրականում շատ անկեղծ է: Նա իսկապես էլ դա անում է «ակամա»` միայն այն պատճառով, որ «փող աշխատելու» այլ ձև չգիտի:
Նույնն էլ հանրապետականներն են: Նրանց համար «ընտրություններ» և «կեղծիք» բառերը հոմանիշներ են, և նրանք այլ տեսակի ընտրություններ պարզապես չեն պատկերացնում: Այլ հարց է, որ «ժամկետից շուտ» քվեարկողների մեջ հազիվ թե գտնվեր մեկը, ով «Կոմանդո´ր, ես ակամա» բացականչելու համարձակություն կունենար:
Նվեր Բազազին
Երեկ «Հայկական ժամանակին» հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը` հայտնի «Բազազ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել: Նա դարձել է ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի տեղակալ, իսկ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության պետ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Յուրի Չիբուխչյանը, ով օրեր առաջ աշխատանքից ազատվել էր` մի ոստիկանի կաշառք վերցնելու ցուցում տալու համար:
Թերևս սույն նվերը Ռոբերտ Մելքոնյանը ստացել է 2008-ի հետընտրական շրջանում ժողովրդի դեմ դրսևորած իր բռի վարքագծի և ընդդիմության ակցիաները ճնշելու համար: Իսկ թե ով է Ռոբերտ Մելքոնյանի փոխարեն նշանակվելու ՊՊԾ գնդի հրամանտար, ոստիկանությունից մեզ դժվարացան ասել: Չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան փոխարինի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով պակաս ծառայություններ չի մատուցել ռեժիմին և որևէ բանով Ռոբերտ Մելքոյանից հետ չի մնացել:
Մեկ թեկնածուով ընտրությա՞մբ ենք արդիական Հայաստան կառուցելու
Այս կիրակի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են լինելու թիվ 25 և թիվ 8 ընտրատարածքներում, որտեղ ավել վաղ պատգամավորներ են եղել Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը:
Ու թեև երկրի իշխող կուսակցության ղեկավարը խոսում էր արդիական հասարակություն ձևավորելու, կուսակցությունն արդիականացնելու, ժողովրդավարությունը միակ այլընտրանք և նոր մոդելի Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, ինչին պետք է ձեռք զարնել անմիջապես, բայց հենց այս կիրակի տեղի կունենա դրան հակառակ գործընթաց:
Այսինքն` խոսքի ու գործի անհամապատասխանություն: Այսինքն` երկրի ղեկավարի մեսիջներն հենց այս կիրակի անտեսվելու են. ոչ ոք չի շտապում դրանք իրականացնել:
Պարզապես չենք ցանկանում
«Ադրբեջանում, չգիտես ինչու, կարծում են, թե հայերը չեն ցանկանում պատերազմել, որովհետև վախենում են պարտվելուց, ստիպված եմ կրկնել այն, ինչը բազմիցս արդեն ասվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների կողմից:
Մենք չենք վախենում պատերազմից, մենք պարզապես չենք ցանկանում դա: Ինչպես և բոլոր նորմալ մարդիկ»,- ասում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել