«Մոլդովայի հայ համայնքի ամենամեծ խնդիրը հովվապետ չունենալն է»
«Հայերը Մոլդովայի տարածքում բնակություն են հաստատել դեռեւս Անիի թագավորության անկումից հետո` 14-րդ դարի սկզբին: Հիմա Մոլդովայում ապրում է 12. 000 հայ, որոնք վարում են հասարարական-քաղաքական ակտիվ գործունեություն: Մեզ հարգում են, իսկ մեր նախնիներից շատերին` մեծարում»,- այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մոլդովայում հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը:
Համայնքի ղեկավարի խոսքերով` ներկայումս Մոլդովայում գործում է 2 կիրակնօրյա հայկական դպրոց: «Այս պահին Մոլդովայի մայրաքաղաքում գործում է Արմենինա մշակույթի տունը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցը, որն ունի 22-25 աշակերտ: Դպրոցներում տարիքային սահմանափակում չկա: Այցելում են նաեւ 70-73 տարեկան մարդիկ, ովքեր ուզում են իրենց ազգային երգերը, պարերը, լեզուն սովորել»:
Համայնքի ղեկավարը նաեւ հույս հայտնեց, որ շուտով եւս մեկ դպրոց կբացվի: Իսկ այն հարցին, թե Մոլդովայում կա՞ արդյոք հայկական պարբերական, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Առայժմ` ոչ, բայց շուտով այնտեղի թերթերից մեկում կհրատարակվի նաեւ հայ համայնքի խնդիրները եւ իրադարձությունները լուսաբանող հայալեզու ներդիր»:
Անդրադառնալով համայնքի խնդիներին` նա կարեւորեց հատկապես եկեղեցիներում հովվապետ չլինելը. «Եթե հովվապետը տարին մեկ անգամ է գալիս եկեղեցի, ապա էլ ինչպե՞ս կարող է այդ հարցը լուծվել: Մենք հովվապետների պակաս ունենք: Հիմա մենք այդ խնդիրը քննարկում ենք Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ եւ կդիմենք նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` այս հարցին լուծում տալու համար»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Սա նաեւ խոսում է այն մասին, որ հայրենիք-սփյուռք կապը կայանում է: Բացի այդ մենք Մոլդովայում ակտիվորեն մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, եւ մեծ շուքով նշում հատկապես մեր ազգային տոները` Անկախության օրը, Մայրության եւ գեղեցկության օրը եւ այլն, նշում ենք նաեւ 1988-ի երկրաշարժի օրը, Ապրիլի 24-ը»:
Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոլդովայի հայ համայնքը հայ-թուրքական հարաբերությանների եւ սահմանը բացելու մասին, Վ. Գրիգորյանն ասաց. «Ցեղասպանությունը ամեն հայի ամենացավոտ կողմն է: Չկա հայ, որ չցավի դրա համար: Բայց ես չեմ կարող այստեղ որեւէ դիրքորոշում հայտնել, քանի որ իմ գործը հասարակական կյանքով զբաղվելն է»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել