
«Կենտրոն» հեռուստաընկերության օգտին որոշում կայացնելու դեպքում հայցվորը պատրաստ է դիմել Եվրադատարան
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի վերաքննիչ բողոքներն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության («Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ-ի): Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 16-ին մերժել էր հայցվոր Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորներին անվճար հեռուստաժամ տրամադրելու պահանջի մասին հայցը:
Հիշեցնենք, որ, ըստ հայցվոր կողմի, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի 2010 թ. նոյեմբերին հեռարձակված թողարկման տեսանյութում հաղորդված տեղեկություններն արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ հանրության շրջանում ձևավորելով թյուր կարծիք: Այդ տեղեկությունները հեռարձակվել են մինչև քրեական գործով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը նշանակում է, որ խախտվել է հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքը:
Ըստ հայցվորների փաստաբան Սեդա Սաֆարյանի` ՀՀ գլխավոր դատախազության պատվիրած այդ տեսանյութերը հետապնդել են երկու նպատակ` հասարակության մեջ սերմանել կարծիք, թե առաջադրվող մեղադրանքները հիմնավորված են և ազդել են դատավարության ընթացքի վրա: Մինչդեռ, իր պաշտպանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:
Գևորգ Հայրապետյանն իր բողոքում պահանջում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրվի, իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով իրեն անվճար հեռուստաժամ տրամադրվի նույն հեռուստաընկերության եթերում՝ հրապարակված անճշտությունները հերքելու համար:
Բողոքում նշվում է, որ «Կենտրոն» հեռուստաալիքով ցուցադրվածը ոչ թե նպատակ էր հետապնդում հանրությանը տեղեկատվություն տալ, այլ ուղղված էր ազատամարտիկի համաբավն արատավորելուն: Բողոքարկողը նշում է, որ դատարանը անարդարացի և կողմնակալ է գտնվել և բավարարվել է միայն այն հանգամանքով, որ վիճարկվող տեղեկությունը վերցված է եղել ՀՀ գլխավոր դատախազությունից:
Բողոքում ասվում է, որ բողոքատերն ունի անչափահաս երեխա, բողոքատերը տան միակ աշխատողն է, ուստի, 60 000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելը նա գտնում է իր հանդեպ դատարանի կողմից որպես ընդգծված վերաբերմունք և խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության:
Աշոտ Հարությունյանի բողոքի առաջին մասում Սաֆարյանը նշում է, որ դատարանը, ընդունելով գեղավերստական կադրերը որպես փաստ, խախտել է բողոքատիրոջ անմեղության կանխավարկածի սկզբունքը, և ցուցադրված կադրերը հասարակության մեջ թյուր կարծիք են ձևավորում:
Բողոքի երկրորդ մասում պատճառաբանում է, որ դատարանը կաշկանդված է եղել, հադես է եկել որպես կողմնակալ դատարան՝ հայցվորին դնելով պատասխանողի հանդեպ ակնհայտ անհավասար վիճակում: Դատարանը ցուցաբերել է մերժողական դրսևորում և մշտապես հանդես է եկել պատասխանողի շահերից և բավարարվել է միայն պատասխանողի այն հայտարարությամբ, որ տեսանյութի հեռարձակման համար տեղեկատվության աղբյուր են հադիսացել գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը:
Անդրադառնալով սահմանված պետական տուրքի վճարմանը՝ փաստաբան Սաֆարյանը նշեց, որ դատարանը կրկին իր կողմնակալ դիրքորոշմամբ ծանր վիճակ է ստեղծել բողոքարկողի համար՝ դնելով նրա վրա 60 000 դրամի պետական տուրքի վճարման պարտականությունը, մինչդեռ բողոքաբերն ունի երկու անչափահաս երեխա, կին, որոնք զրկվում են ընտանիքի միակ կերակրողից: Ոստի այս ամենը բողոքարկուն դիտում է որպես անհանդուրժողականություն և ընգծված վերաբերմունք հայցվորի նկատմամբ:
Սեդա Սաֆարյանը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր դատաքննության:
Այսքանով դատարանն ավարտեց դատաքննությունը և վճռի հրապարակման օր նշանակեց սեպտեմբերի 15:
Տեղեկացնենք, որ երկու նիստերին էլ պատասխանող կողմի՝ «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ-ի և ոչ մի ներկայացուցիչ ներկա չէր՝ չնայած այն հանգամանքին, որ կողմերը պատշաճ ծանուցվել էին:
«Հետքի» հետ զրույցում Աշոտ Հարությունյանի հայրը նշեց, որ եթե այս ատյանն էլ մերժի, հաջորդն էլ, իրենք դիմելու են Եվրադատարան, որ ցույց տան, թե Հայաստանում ինչ է կատարվում:
Մեկնաբանել