HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վ.Աթանեսյան. «ԼՂՀ-ի համար հրատապ է դառնում հստակ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունը»

02_12-V-AtanesyanՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Աթենքում կայացած հանդիպումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հրապարակած համատեղ հայտարարությունը, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, հասկանալի պետք է դարձնեն, թե երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ինչ առաջընթացի մասին էին խոսում համանախագահները: Վահրամ Աթանեսյանի համար ընդունված համատեղ հայտարարության մեջ ամենահետաքրքիրը այն ձեւակերպումն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նշել են, որ տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա կողմերի միջեւ հիմնարար սկզբունքների շուրջ ընդհանուր ըմբռնումների մասին առաջին անգամ է նման մակարդակով հայտարարվում: Սա, իմ գնահատմամբ, խոսում է այն մասին, որ փաստորեն միջնորդ երկրների նախագահների կողմից անցյալ ամռանը հայտարարած կարգավորման սկզբունքների շուրջ կողմերի մոտեցումները ընդհանուր են դառնում: Այսինքն կողմերը, եթե ոչ լիովին, ապա գոնե մեթոդաբանության առումով ընդունում են կարգավորման մադրիդյան սկզբունքները, սա փորձագիտական հայացքով ամեն դեպքում ինձ համար նորություն է»,- «Հետքին» տված հարցազրույցում ընդգծել է Վահրամ Աթանեսյանը: Նա ենթադրում է, որ համանախագահները մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ կլինեն տարածաշրջանում, եւ հնարավոր է, որ կամ մինչեւ տարեվերջ կամ 2010-ի սկզբներին կազմակերպվի նախագահների եւս մեկ հանդիպում եւ գուցե փորձ արվի նշել հետագա քննարկումների ինչ-որ ժամանակացույց` 2010 թվականի համար: Այդ առումով, պարոն Աթանեսյանը պատահական չի համարում բոլոր հայտարարություններում եւ դիտարկումներում բանակցող կողմերի ղեկավարների անցնող տարվա հանդիպումների դինամիկայի շուրջ ընդգծումները: Ըստ նրա, փորձ է արվելու պահել 2009-ի հանդիպումների դինամիկան, բայց` համաձայնեցված: Մյուս հանգամանքը, որի վրա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ուզում է ուշադրություն հրավիրել, կապված է հանդիպումից ու հայտարարության տարածումից հետո արտգործնախարարների կողմից հնչեցված մեկնաբանությունների խորքային ընդգծումներում կողմերի գնահատականների մերձավորության հետ. իրենց գնահատականերում, ըստ նրա, երկու արտգործնախարարները կարծես իրավիճակը բնութագրում են նույն կերպ` իհարկե տարբեր շեշտադրումների տարբերությամբ: «Եթե Ադրբեջանի արտգործնախարարը խոսում է սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո համապարփակ պայմանագրի շուրջ քննարկումներ ծավալելու մասին, ապա Հայաստանի արտգործնախարարը նույն կոնտեքստում բարձրացնում է հետագա քննարկումներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը: Այսինքն` այդ հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումներին հասնելու հարցում իրոք առաջընթաց կա, եւ հետագա քննարկումները ծավալվելու են արդեն կարգավորման համապարփակ պայմանագրի քննարկումներում նոր ֆորմատի կամ նոր մակարդակի շուրջ»,- հավելել է Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, համապարփակ պայմանագրի մշակման գործում ծագելու է նոր ձեւաչափ ընտրելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ ՀՀ-ԼՂՀ միջեւ քննարկումների, որոնց ժամանակ հնարավոր է արձանագրվի տեսակետների, մոտեցումների, պատկերացումների հսկայական տարբերություն: «Ուստի ԼՂՀ-ի համար հրատապ է դառնում հստակ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունը, որովհետեւ խոսում ենք բանակցություններին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության մասին, ինչը պետք է լինի լիազորված, պատվիրակված, համապատասխան մանդատ ունեցող բանակցողի միջոցով: Իսկ մանդատը նրան պետք է տա ԼՂՀ ժողովուրդը»,-գտնում է Վ.Աթանեսյանը, ում որակմամբ` բանակցությունները մոտենում են որոշումներ քննարկելու փուլին, ինչը նախկինում երբեք չէր եղել, «մանավանդ, որ միջնորդների դիրքորոշումը նկատելիորեն կոնսոլիդացվում է»: «Իսկ հնարավո՞ր է հիմնախնդրի արագացված լուծում» հարցին ի պատասխան նա ասաց. «Եթե արագացված լուծում ասելով մենք փորձենք նկատի ունենալ, որ հնարավոր է կողմերին լուծում պարտադրվի, ապա` ոչ, բայց հնարավոր է, որ այս պահին բանակցող կողմերն իրոք գան խնդիրը լուծելու անհրաժեշտության` ոչ միայն ըմբռնմանը, այլեւ դրա հրապարակմանը: Կողմերը կարող են տարակարծիք լինել մեծ համաձայնագրի որոշ դետալների առումով, իսկ դա արդեն լինելու է տեւական բանակցությունների առարկա: Բայց որ կողմերը հիմնական սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ 2010թվականին` կարծես թե տեսանելի է»: Վ.Աթանեսյանի կարծիքով, համանախագահների քայլերը բանակցություններն արագացնելու կամ դանդաղեցնելու մասով կախված կլինեն տարածաշրջանային զարգացումներից, եւ եթե ֆորսմաժորային վիճակներ չլինեն, ապա նրանք չեն գնա ագրեսիվ քայլերի, այլ  կփորձեն պահպանել 2009-ի հանդիպումների դինամիկան: Սա նոր իրավիճակ է, որին, ըստ պատգամավորի, պետք է պատրաստ լինել, քանի որ «սկզբունքների շուրջ համաձայնության գալը մի բան է, համընդգրկուն համաձայնության գալը` մեկ այլ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter