Նախնական 500 համակարգչի փոխարեն 1300-ի պահանջարկ կա
««Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը ներկա դրությամբ գնահատում ենք դրական: Երևանում, Գյումրիում, Վանաձորում ծրագիրն աշխատում է, և ունենք առաջին տվյալները, համաձայն որոնց` Հայաստանի 25 քաղաքներից մարդիկ արդեն մասնակցել են ծրագրին: Շարժվելով նախապես հաստատված պլանով` գործող 9 վաճառակետերին շուտով կավելանան ևս 10-ը, իսկ նախնական 500 համակարգչի փոխարեն այսօր ունենք 1300 համակարգչի պահանջարկ»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Hewleet Pakard (HP) ընկերության ԱՊՀ կորպորատիվ վաճառքի գծով տնօրեն Վադիմ Տիխոնիչևը:
Վերջինի խոսքով` ծրագրի առաջին 2 ամիսների տվյալներով ընդհանուր վաճառքի 59 տոկոսը Երևանում է, քանի որ ծրագիրը մեկնարկել է մայրաքաղաքում:
«Սակայն դա չի նշանակում, որ Վանաձորում և Գյումրիում իրավիճակը լավ չէ, հակառակը` գրանցվել է վաճառքի աճ մինչև 11 տոկոս: Ուրախալի է այն, որ վաճառքի 25 տոկոս է գրանցվել Հայաստանի այլ քաղաքներում, որտեղ չկան համապատասխան վաճառակետեր»,- ասաց HP-ի ԱՊՀ կորպորատիվ վաճառքի գծով տնօրենը:
Ծրագրի կազմակերպիչների կողմից ուսումնասիրվել են նաև ծրագրից օգտվողների տարիքային խմբերը: Տոկոսային առումով կարելի է առանձնացնել 25-34 տարիքային խումբը, որը կազմում է 34 %-ը: 55-ն անց տարիքային խումբը կազմում է 7% տոկոս:
Մասնագիտական առումով ծրագրի 77 տոկոսն այն մարդիկ են, ովքեր ունեն կայուն աշխատանք և վարկունակ են: 10 տոկոսն ուսուցիչներն են, 7 տոկոսը կառավարությունն է, իսկ 6-ը` սոցիալական մյուս խմբերին պատկանող մարդիկ:
Ծրագրից օգտվողների 41 տոկոսը կանայք են, 59-ը` տղամարդիկ:
«HP-ն նպատակ ունի շարունակել և ավելի զարգացնել ծրագիրը:Մոտակա 5 ամսվա ընթացքում մտադիր ենք համակարգիչների թիվը հասցնել 5000-ի, որը HP-ի համար էլ համարձակ մարտահրավեր է: Եթե մեզ հաջողվի կյանքի կոչել մեր ծրագրերը, ապա կհաջողվի Հայաստանում բարձրացնել նաև համակարգչից օգտվողների թիվը»,- ասաց Վադիմ Տիխոնիչևը:
HP-ն նախատեսում է 2010թ. Հայաստանում ստեղծել մարկետինգային ձեռնարկություն, որը, Վադիմ Տիխոնիչևի խոսքերով, գովազդային չի լինելու, այլ կատարելու է կրթական գործառույթ: Այսինքն, ձեռնարկության մասնագետները քաղաքացիներին բացատրելու են, թե ինչ համակարգիչ է նրանց անհրաժեշտ տան, աշխատանքի համար:
«Սա սոցիալական ակցիա է, որը մենք պատրաստ ենք իրագործել` համագործակցելով ՀՀ կառավարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ասաց բանախոսը:
Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է ծրագրի փոխհաշվարկի ինտերնետային պորտալի բաց թողում, որը կապահովի HP-ի, կառավարության և բանկի միջև իրականցվող բոլոր գործողությունների թափանցիկությունը:
HP-ի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի սահմաններում շուտով կմեկնարկի նոր ծրագիր ուսուցիչների համար, որը ենթադրում է հատուկ գնային և բովանդակային պայմաններ:
«Հաշվի առնելով ուսուցչի աշխատանքի բնույթը` մենք կստեղծենք հատուկ համակարգիչ ` համապատասխան ծրագրային բովանդակությամբ: Բնականաբար գինը նույնպես լինելու է համամատաբար ավելի ցածր»,-ասաց Վադիմ Տիխոնիչևը:
Պրն. Տիխոնիչևի հավաստմամբ, ներկա դրությամբ HP-ն, իրականցնելով «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, ավելի շատ ներդրում է արել, քան շահույթ ստացել: Բանախոսը միաժամանակ նշում է, որ չնայած ծրագրի սոցիալական ուղղվածությանը, այնուամենայնիվ, «հավերժ ներդում չի լինում», իսկ HP-ի գործընկերների շահույթի ակնկալիքը միանգամայն բնական է:
«Կարող եմ ասել, որ ծրագրի պիլոտային փուլում մենք ավելի շատ վնասով ենք աշխատել, բայց համոզված եմ, որ հիմնական փուլում ծրագիրը շահութաբեր կլինի»,- ասաց նա` հրաժարվելով նշել ծրագրում ներդրված կոնկրետ գումարը` ասելով, սակայն, որ մինչ այդ Հայաստանում նման չափի ներդրումներ HP-ն չի արել:
Ասուլիսին ներկա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ մտադիր են ծրագիրը շարունակել 4-5 տարի` Հայաստանում համակարգիչների հագեցվածությունը հասցնելով 30 տոկոսի: Այսօր այդ ցուցանիշը, նրա խոսքով, ըստ մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների ուսումնասիրությունների, միջին հաշվով կազմում է 5-10 տոկոս:
Պրն.Ենգիբարյանը ասաց նաև, որ բանակցություններ են տարվում «Samsung» ընկերության հետ` վերջինիս ծրագրում ընգրկելու նպատակով:
Ասուլիսին ներկա «Unicomp» ընկերության տնօրեն Արմեն Բադալյանն էլ նշեց, որ հայ գնորդը խստապահանջ է նախ և առաջ համակարգչի բովանդակության նկատմամբ:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ծրագրի սահմաններում վաճառքի է հանվել 500 հատ` 6 մոդելի HP-ի համակարգիչ` 500-1000 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել