Դեսպան Տաբատաձեն` վարչապետ Սարգսյանի մոտ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեին։ Տ. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին և կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում։
Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը նշել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը։
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարեւորությունը։
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի 8-րդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին Երեւանում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև այս տարի Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի հաջող իրականացմանը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն նույն խանդավառությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել