
Ոստիկանությունը ուսուցիչների կուսակցական պատկանելությամբ ցուցակնե՞ր է պահանջում Թալինում
Թալինում և շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով և նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում ահազանգ է ստացվել Թալինի տարածքային ստորաբաժանումից:
«Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ և բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի և ոչ էլ մյուսի հետ մինչև ժ. 15.00-ը կապվել չի հաջողվել: Տեղի ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցիչն ասել է, որ նրանք բացակայում են աշխատանքի վայրից:
«Ժառանգությունը» հայտնում է, որ հետամուտ է լինելու ոստիկանության կողմից այս ապօրինի գործողության պատճառները և դրա պատվիրատուներին պարզելու գործում, և հավելյալ տեղեկություններ ստանալուն պես տեղյակ կպահի լրատվամիջոցներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել