HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Եթերային առաջընթաց Փարիզում

02_12-minsk_group«Ներկա պահին մոտեցնելով դիրքորոշումները` մենք առնվազն կարող ենք սկսել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը հնարավորություն կտա ստորագրելու հիմնարար պայմանագիրը»,- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկկողմ ու բազմակողմ բանակցություններից հետո Աթենքում դեկտեմբերի 2-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՄԽ անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները. «Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում և կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտել այդ աշխատանքըª համաձայն հուլիսի 10-ին Աքուիլայում Ութնյակի գագաթնաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության»: Դրանից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները նշել էր . «Հույս ունենք, որ առաջընթացի կարելի է հասնել նաև Աթենքում, հակամարտությունը շուտով կկարգավորվի: Ես երկու երկրների ԱԳ նախարարներին կոչ եմ անում հակամարտության կարգավորման շուրջ հասնել համաձայնության և այն գրավոր ամրագրել…Ղարաբաղյան հակամարտությունը հիմա չի լուծվի, բայց հավանաբար դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք ենթադրում էինք, որ հանդիպմանը ԼՂ վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի, սակայն ես դրանում այդքան էլ վստահ չեմ, քանի որ վերջին բարդությունները դեռևս մնացել են»: Աթենքում արված այս հայտարարությունները հետաքրքրական են երկու առումով: Նախ` առաջին անգամ է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր 5 կողմերը փոխհամաձայնեցված փաստաթուղթ են ստորագրում, որտեղ հստակ խոսվում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացը շուտափույթ ավարտելու մասին: Երկրորդ` պաշտոնական Բաքուն առաջին անգամ ստորագրում է մի հայտարարության տակ, որտեղ Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք կարևորագույն սկզբունքները` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքները և ուժի գործադրումից կամ ուժի սպառնալիքից զերծ մնալը ներկայացվում են նույն հարթության վրա: Մինչ այս թե' բանակցող կողմերը, թե' միջնորդ երկրները հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս կատարում էին «միջազգային իրավունքի նորմեր» խիստ ընդհանրական ձևակերպումը, որը Բաքվի կողմից ավելի հեշտ էր շահարկման ենթարկվում: Սակայն արդյոք կարելի է ասել, որ Փարիզում վերջապես բեկում է մտցվել բանակցային գործընթացում: Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո և փարիզյան բանակցությունների մեկնարկից գրեթե անմիջապես առաջ` նոյեմբերի 28-ին, ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ: Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»: Փարիզյան բանակցությունների նախօրեին պաշտոնական Երևանի կեցվածքը բացարձակապես չէր հուշում, թե առաջիկա շաբաթների ընթացքում որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել ԼՂ հիմնահարցի հետ կապված: Մյունխենյան բանակցություններից հետո թե' պաշտոնական Երևանն ու Բաքուն, և թե' հատկապես ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեցին, թե չնայած ձեռքբերված առաջընթացին, դեռևս մնում են դժվարություններ: Դրանք, փաստորեն, չեն հաղթահարվել նաև Փարիզում, ինչի վկայությունն է Բեռնար Քուշների արած արտահայտությունը, թե իրենք հույս ունեին, որ որևէ փաստթաթուղթ կստորագրվի, սակայն «բարդությունները» դեռևս մնացել են: Դա պարզորոշ ցույց է տալիս, որ բադությունները պայմանավորված են հենց սկզբունքների կամ դրանց որոշ «նյուանսների» հետ, այսինքն` Մյունխենից հետո իրականում որևէ լուրջ տեղաշարժ տեղի չի ունեցել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու են այսքան լավատես միջնորդ երկրների արտգործնախարարները»: Հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քիշնևյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրեց նախկինում համաձայնեցված հարցերը կրկին բանակցությունների օրակարգ վերադարձնելու և դրանով բանակցային գործընթացը ձգձգելու փորձերի մեջ: Մյունխենից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անգամ սպառնաց պատերազմով: Այսպիսի կոշտ դիրքորոշումը բացարձակապես չի տեղավորվում Էլմար Մամեդյարովի` Փարիզում արած վերոնշյալ հայտարարությունների համատեքստում: Մյունխենյան բանակցություններից հետո Իլհամ Ալիևը և Էլմար Մամեդյարովը հրավիրվեցին համապատասխանաբար Մոսկվա և Անկարա: Թե ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված կոնկրետ ինչ կոնսուլտացիաներ էին ընթացել, հայտնի չէր: Սակայն փաստը մնում է փաստ, որ դրանից հետո ընդամենը 10 օրվա ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը զգալիորեն մեղմացել է: Փարիզյան համատեղ հայտարարությունը ստորագրելով` Բաքուն գոնե հռչակագրային մակարդակով ընդունում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների համազորությունը, ինչից նախկինում մշտապես խուսափել է: Այսինքն` պարզ է դառնում, որ միջնորդ երկրների լավատեսությունը կարող է պայմանավորված լինել միայն Ադրբեջանի դիրքորոշման նման փոփոխության հետ: Սակայն այս իրողությունը դեռևս բավարար պայման չէ պնդելու, թե կարգավորման սկզբունքների վերջնական փոխհամաձայնեցումը խիստ իրատեսական է: Հակամարտության կարգավորման համար գործում է խաղի հստակ կանոն. ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Դրա մասին պաշտոնապես հայտարարել է թե Երևանը, թե Բաքուն: Հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման շուրջ երկկողմ որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված կլինեն ոչ միայն բոլոր սկզբունքները, այլև դրանք կյանքի կոչող դետալները: 02_12-AGNՓարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 30 րոպեանոց հանդիպում է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ: Կողմերը քննարկել են հիմնականում Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում երկու արձանագրությունների վավերացման ընթացակարգի և ժամկետների հարցը: Միաժամանակ Դավութօղլուն Փարիզում հայտարարել է, թե անցած կարճատև ժամանակահատվածում իրենց հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Փարիզում էլ, փաստորեն, Անկարան նրբորեն հասկացրել է, որ իրենց կողմից արձանագրությունների վավերացումը կարող է տեղի ունենալ միայն ԼՂ հարցում նշանակալի տեղաշարժի արդյունքում: ԼՂ հարցի հետ կապված հնգյակի փարիզյան համատեղ հայտարարությունը Անկարան փորձելու է խաղարկել Վաշինգտոնում` դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ԱՄն կատարելիք այցի ժամանակ: ԱՄՆ-ն ցույց է տալու, որ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ձեռք է բերվել նշանակալի հաջողություն և ձգտելու է Թուրքիային դրդել վավերացնել Հայաստանի հետ ստորագրված երկու արձանագրությունները: Իր հերթին, Անկարան հիշեցնելու է, որ Մյունխենում և Փարիզում նման «առաջընթաց» հաջողվել է ձեռք բերել իր կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումների արդյունքում: Եվ Վաշինգտոնի հայկական ճակատի հետ կապված ամերիկյան ճնշմանը կփորձի հակադրել` ԼՂ հարցում գործընթացի հետագա հաջողությունը կոնկրետ փաստաթղթով ամրագրելու պահանջ ներկայացնելով: Այս իրողությունը հնարավորություն կտա չկենտրոնանալ հա-թուրքական հաշտեցման և արձանագրությունների վավերացման գործընթացի վրա: Փոխարենը Անկարան քննարկման հիմնական նյութ կդարձնի իր համար ներկայումս ավելի կենսական նշանակություն ունեցող ներքին քրդական, իրաքյան և ԵՄ-ին ինտեգրման հարցերը: Այսպիսով, Թուրքիան խարխլել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապ չունի Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի հետ: Այսպիսով, փարիզյան եթերային «առաջխաղացումը» հիանալի խաղաքարտ է դառնում թուրք-ամերիկայն առաջիկա բանակցություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter