HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը խախտելու վրա  

Nalbandian's-speech_3.12.09Նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի վարչապետին Դեկտեմբերի 2-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարարը: Իր  խոսքում նախարար Նալբանդյանն  անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային հարցերին, Եվրոպական անվտանգության կատարելագործման անհրաժեշտությանը` կարեւորելով բոլորի համար ընդունելի, հավասար եւ համապարփակ Եվրոպական անվտանգության նոր համակարգի մշակումը:   Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ուշադրությունը հրավիրեց  Ադրբեջանի կողմից սպառազինությունների սահմանափակման միջազգային պարտավորությունները խախտելու, պարբերաբար կրկնվող ռազմատենչ հայտարարությունների եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը բացահայտորեն խախտելու մեջ: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացումը: Նախարարի խոսքով գործընթացի անհիմն ձգձգումը եւ նախապայմանների առաջադրումը, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը, կարող են վնասել թե մեկը, թե մյուսը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց միջազգային հանրությանը  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող  անվերապահ աջակցության համար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աշխարհի բոլոր երկրները արտահայտեցին իրենց աջակցությունը, միայն կա մի երկիր` Ադրբեջանը, որ դեմ է արտահայտվում` հակադրվելով ոչ միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին, այլեւ՝ ողջ միջազգային հանրությանը: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը եւ ընդգծեց խաղաղ գործընթացն արգելակող քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Որպես նման գործողության ամենաթարմ օրինակ՝ նախարար Նալբանդյանը բերեց րոպեներ առաջ հնչած Ադրբեջանի նախարարի ելույթը, որտեղ եւս մեկ փորձ արվեց խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի եւ ընթացող բանակցությունների էությունը: ԵԱՀԿ  նախարարական խորհրդի երկրորդ օրը եւս հագեցած էր երկկողմ հանդիպումներով: Էդվարդ  Նալբանդյանի առաջին հանդիպումը Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ էր: Նախարար Նալբանդյանը Հունաստանի վարչապետին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Հունաստանի վարչապետն ասաց, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ: Վարչապետ  Պապանդրեուն եւ նախարար Նալբանդյանը  քննարկեցին Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատեցին հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային  հարցերի, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Աթենքում  Հայաստանի արգործնախարարը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին:  Զրուցակիցները  քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր  փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում: ԵԱՀԿ  գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները: Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ արվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը: Էդվարդ  Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր: Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլընդի ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար  Յագլընդը հանգամանալից զրույց ունեցան  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը: Նախարար Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան: Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ  հանդիպման ժամանակ Էդվարդ Նալանդյանը քննարկեց Հայաստանի եւ Բելառուսի Նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ՝ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: ԵԱՀԿ  արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի արդյունքներով ՀՀ արտգործնախարարը ճեպազրույց ունեցավ Աթենք ժամանած հայ լրագրողների հետ: Աթենքից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը  հանիպեց ՀՅԴ Հունաստանի կառույցի ղեկավարներին` վերջիններիս նախաձեռնությամբ: Նախարար Նալաբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը: Նույն օրն ավարտելով այցելությունը Հունաստան` Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվեց Երեւան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter