Քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս մարտի 1-ի տեսանյութերը դիտելիս
Այս պահին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը, որի ընթացքում հետազոտում են ապացույց ճանաչված տեսանյութերը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գտնվող տարածքից չի շարժվել դեպի Մատենադարան, քանի որ այնտեղ նրանք անպաշտպան կլինեին:
«Ժողովուրդը շատ ճիշտ է կողմնորոշվել, որ մնացել է այդ տարածքում, որտեղ գտնվում են Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատները»,- հայտարարեց մեղադրյալը:
Նիկոլ Փաշինյան. «Ես ինքնապաշտպանության կոչ եմ արել»
Տեսանյութերից մեկը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր, որով նա կոչ էր անում մարդկանց երկաթ ու փայտ ունենալ` ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: «Դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ես մարդկանց ինքնապաշտպանության կոչ եմ արել: ՀՀ Քրեական օրենսգիրքը քաղաքացիներին իրավունք է տալիս դիմել ինքնապաշտանության, երբ ոտնձգություն է կատարվում նրանց կյանքի, առողջության եւ իրավունքների նկատմամբ: Ուշադրություն դարձրեք, որ կա ոտնձգության իրական սպառնալիք: Այս իրավիճակն առաջացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների նկատմամբ ոտնձգությունների երկար շարքի արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ մյուս տեսանյութերից պարզ է դառնում, որ նախքան Նիկոլ Փաշինյանի` Մյասնիկյանի արձանի մոտ գալը, այնտեղ արդեն հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ:
«Երկու «Վիլիս» է եղել»
Տեսանյութերից մեկում պատկերված է, թե ինչպես է «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մտնում մարդկանց շարքերը եւ վրաերթի ենթարկում նրանցից մեկին, որից հետո քաղաքացիները կոտրել ու այրել են մեքենան: Դրան հաջորդող տեսանյութում Նիկոլ Փաշինյանը խոսում է «Վիլիս» մակնիշի մեքենայի մասին:
«Հերթական դատամոնտաժին ենք ականատես լինում, քանի որ դիտավորյալ են այդ տեսանյութերն իրար հաջորդում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ես այն «Վիլիս»-ի մասին եմ խոսում, որը այրվել էր Սունդուկյանի անվան թատրոնի շենքի դիմաց: Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես է մեկ այլ «Վիլիս» մեծ արագությամբ քշում մարդկանց միջով, ես այդ մեքենայի մասին եմ խոսում»,- նշեց Փաշինյանը:
Մեղադրյալը նաեւ հռետորական հարց հնչեցրեց, թե ի՞նչ խնդիր կարող էր լուծել ընդդիմությունը` մեքենա կոտրելով ու այրելով:
Այդ նույն տեսանյութում Փաշինյանն իր ելույթի վերջում ասում է. «Հիմա ես գնում եմ այնտեղ կարգ ու կանոն հաստատեմ»: Պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ այդ արտահայտությունից պարզ է դառնում, որ մեղադրյալը ոչ թե անկարգություններ է կազմակերպել, այլ հակառակը` փորձել է կարգ ու կանոն հաստատել:
«Զանգվածային անկարգությունը եւ զանգվածային միջոցառումը տարբեր բաներ են»
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքը մարտի 1-ին, մեգաֆոնը ձեռքին, շրջել է մարդկանց մեջ եւ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներին կոչ արել զերծ մնալ սադրիչ գործողություններից: Մեղադրող դատախազ Փիլոյանն էլ նշեց, որ միայն այդ հայտարարությամբ Փաշինյանն ընդունում է, որ ինքը մարտի 1-ին կատարվող իրադարձությունների կազմակերպիչ է հանդիսացել:
Սրան ի պատասխան` պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց. «Զանգվածային անկարգությունները ու զանգվածային միջոցառում կազմակերպելը տարբեր բաներ են, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում զանգվածային միջոցառում կազմակերպելն առհասարակ հանցագործություն է համարվում»:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մարտի 1-ին ինքն ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանի քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը:
Ի դեպ, դատավարությանը ներկա քաղաքացիներից շատերը չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը` մարտի 1-ի տեսանյութերը դիտելիս: Նրանցից շատերը մասնակցել էին 2008 թվականի ետընտրական միջոցառումներին եւ մեծ ցավով էին վերապրում այդ օրերը: Այդ պատճառով նրանցից շատերը բղավում էին, երբ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն ասում էր, թե ոստիկանության գործողությունները համաչափ են եղել ժողովրդի անկարգությանը: Քաղաքացիներից շատերը լքեցին դատական նիստերի դահլիճը` ասելով, որ հենց իրենք են բազմիցս ծեծի ենթարկվել ոստիկանության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել