HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբխազիա. զբոսաշրջության ծաղկում

Չնայած կացարանների պակասին եւ վատ սպասարկմանը` ռուսական զբոսաշրջիկները հեղեղել են անջատված շրջանը: Մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիան զբոսաշրջության լավագույն տարին է անցկացնում 1993-ից ի վեր, երբ շրջանն առանձնացավ Վրաստանից` նրա ուժերի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո: Պաշտոնական տվյալների  համաձայն` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 88,865 զբոսաշրջիկներ (ի տարբերություն 68,905-ի 2008թ.) են  հանգստացել Աբխազիայի հյուրանոցներում եւ առողջարաններում: Ճամփորդական գործակալությունների կողմից ավելի քան 700,000 ուղեւորություններ եւ էքսկուրսիաներ են կազմակերպվել հյուրերի համար, որոնց մեծամասնությունը Ռուսաստանից էին: «Մեր այցելուները  հարուստ չեն, նրանք հիմնականում միջին խավից են», - ասում է Աբխազիայի զբոսաշրջության փոխնախարար Վյաչեսլավ Բարցիցը: Զբոսաշրջային բումին նպաստեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը. Աբխազիայի առողջարանները  շատ ավելի մատչելի են, քան Ռուսաստանի    շրջաններում եղածները: Սա մեծ խթան հանդիսացավ կառավարության ֆինանսական միջոցների համար: Աբխազիայի հարկային նախարարության տվյալների համաձայն`150 միլիոն ռուբլի (ավելի քան 5 միլիոն դոլար) է մուտք գործել բյուջե զբոսաշրջության ոլորտներից, իսկ մինչեւ տարվա ավարտը եւս 20 միլիոն դոլար է  ակնկալվում ստանալ: Իշխանությունները  ներկայումս  ծրագրում են զարգացնել այս  բնագավառը, որը կախված է Սեւ ծովի ափամերձ շրջանների ծովափներից: Հնարավոր է, որ այդ նպատակով հյուրանոցներ կառուցվեն հեռավոր Կոդորի լեռնային կիրճում, որը 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանից անցել էր Աբխազիայի վերահսկողությանը: «Հետագայում Կոդորի կիրճը կլինի զբոսաշրջության հիմնական վայրերից մեկը: Հույս ունենք, որ դահուկային ուղին կառուցելուց եւ այլ հարմարություններ ստեղծելուց հետո այստեղ կզարգանան ձմեռային սպորտաձեւերը: Աբխազիայում բազմաթիվ հանքային աղբյուրներ կան, եւ սա հնարավորություն կտա ընդլայնել ավանդական զբոսաշրջային սեզոնը», - ասում է Բարցիցը: Երկրի իշխանությունները նշում են, որ զբոսաշրջիկների մեծ  ներհոսքի պատճառով նրանց կացարաններով ապահովելու հետ կապված խնդիրներ են ծագել: Աբխազիայում այցելուներին կարող են մոտավորապես 13,000 մահճակալներ տրամադրել, ներառյալ Սուխումում (վրացական անվանումը` Սուխումի) եւ Գուդաուտայում եղած ռուսական երեք ռազմական առողջարաններում տեղակայված 1500 մահճակալները: Հարկային նախարարության տվյալների համաձայն պետական բյուջե 6 միլիոն ռուբլի է  մուտք գործել ազատ սենյակներ վարձով տվողների հաշվին: «Այս ցուցանիշը  գերազանցում է 2007 եւ 2008 թվականների ցուցանիշները միասին վերցրած», - ասում է հարկային եւ մաքսային նախարար Վախթանգ Փիփիյան: Աբխազիայի բնակչության համար զբոսաշրջիկներին վարձով սենյակներ տրամադրելը եկամտի հիմնական աղբյուր է հանդիսանում. երկրի տնտեսությունը քայքայվել էր վերջին պատերզամի եւ Թբիլիսիի պարտությունից հետո տեղական- վրացական բնակչության զանգվածային արտագաղթի պատճառով: Աբխազիայի որոշ արեւելյան շրջանները դեռեւս նոսր են բնակեցված, եւ նույնիսկ Սուխումի կենտրոնը դեռեւս կրում է ավերված շինությունների եւ փամփուշտների հետքերի  թողած սպիերը: Մինչ այժմ միայն  Վենեսուելան եւ Նիկարագուան են հետեւել  Ռուսաստանի օրինակին` ճանաչելով Աբխազիայի անկախությունը: Եվ չնայած  Աբխազիայի արեւելյան սահմանում  ռուսական ուժերի ներկայությանն  ու  Վրաստանի բողոքներին, զբոսաշրջիկները համոզվել են, որ  Աբխազիայում անվտանգ է հանգստանալը: «Այն ամենը, ինչ  տեղի է ունենում Աբխազիայում եւ Հարավային  Օսիայում կարգավորվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքով, հետեւաբար` ցանկացած միջոցառում, որը հակասում է այս փաստաթղթին (ներառյալ զբոսաշրջային միջոցառումնեը) օրենքից դուրս է», - ասում է Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչիսաշվիլին: Նման զգուշացումները, սակայն, ոչ մի նշանակություն չունեն Սուխումում բնակվող թոշակառու Ելենա Տարբայի համար: Նա մի քանի տարի է, ինչ վարձով տալիս է իր բնակարանը, եւ ասում է, որ այս տարվա պես հաջող տարի դեռ չի ունեցել: «Ես աղոթում եմ, որ հետագայում էլ այսպես լինի: 20 հազար ռուբլի եմ աշխատել, եւ շատ երջանիկ եմ այս կապակցությամբ», - ասում է կինը: Ռուսլան Թվանբան  Սուխումում փոքրիկ հյուրանոց ունի, որտեղ 18 երկտեղանոց սենյակներից մեկն արժե 800 ռուբլի: «Անցյալ տարվա համեմատ, այս տարի դրությունն ավելի լավ էր` չնայած հաճախորդների քանակը սովորական էր», - ասում է նա: Գիտությունների ակադեմիայի եւ Ռազմավարական հետազոտությունների նախագահական կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունները զբոսաշրջիկների շրջանում ցույց են տալիս, որ նրանց 2/3-ից ավելին եկել է այստեղ պարզապես ծովափին հանգստանալու համար եւ միայն չնչին մասը նշեց, որ իրենց այստեղ բերել է շրջանի էկզոտիկան: Զբոսաշրջիկների համարյա երկու երրորդը նշել է, որ բավարարված է հանգստի պայմաններով, եւ միայն 1/3 -ից էլ պակասը դժգոհեց եղած պայմաններից: Նրանք, ովքեր բավարարված չէին պայմաններով, դժգոհում էին ավերված շենքերի մեծ թվից, վատ սպասարկումից, աղտոտված փողոցներից եւ ռուս-աբխազական սահմանն անցնելու ժամանակ ունեցած խնդիրներից: «Մենք գիտենք մեր  թույլ կողմերը: Խնդիրը սպասարկման որակն է: Հյուրանոցների ղեկավարները պետք է պատասխան տան սրա համար եւ միջոցներ տրամադրեն իրենց անձնակազմին համապատասխան գիտելիքներ տրամադրելու համար: Հասկանում ենք, որ սեզոնի կարճատեւության պատճառով դժվար է մասնագետներ գտնել: Ինչ վերաբերում է սահմանն անցնելուն, սեզոնի ժամանակ այստեղ երկար հերթեր են գոյանում, ինչը հարուցել է զբոսաշրջիկների դժգոհությունը», - ասում է Բարցիցը: «Հետագայում Ռուսաստանը միջոցներ կհատկացնի կայարան կառուցելու համար: Հույս ունենք, որ Սուխումի օդակայանը կբացվի, երկաթուղին կզարգանա»: Վերջին մեկ տարվա  ընթացքում ռուսական ներդրումների հաշվին վեց հյուրանոց է բացվել, եւ իշխանությունները նպատակ ունեն ցանկացած ժամանակ 80-100 հազար այցելու տեղավորել: Տեղական զբոսաշրջության բնագավառի փորձագետ Բեսլան Բարաթելիան, սակայն, զգուշացնում է, որ այցելուների զանգվածային ներհոսքը ամենեւին էլ չէր նշանակում, որ նրանց պարզապես շատ էր դուր գալիս Աբխազիան: Այստեղ մեծ դեր ունեցավ տնտեսական ճգնաժամը, եւ իշխանությունները չպետք է գոհանային սրանով: «Չեմ կարծում, որ հաջորդ տարի շատ ավելի լավ կլինի, քանի որ մեր ծառայությունների որակը  չի փոխվել, իսկ սպասարկումը դեռեւս վատն է:Իրականում, զբոսաշրջիկների ներհոսքը բացասական ազդեցությունը կունենա, քանի որ այն չի նպաստի բարեփոխումների իրականացմանը: Եթե մենք զբոսաշրջության երկիր ենք համարվում, ապա պետք է հասկանանք, որ արտաքին իրադրությունը կարող է մեզ ի վնաս գործել», - ասում է փորձագետը: «Անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման որակը եւ գիտելիքներ տրամադրել ոլորտում աշխատողներին: Պետությունը պետք է հատուկ դեր ունենա այստեղ»: Այնուամենայնիվ, չնայած Աբխազիա եկողներից ոմանք համամիտ  են այն կարծիքի հետ, որ անհրաժեշտ է աշխատել ծառայությունները բարելավելու համար, շրջանը կողմակիցներ էլ է ձեռք բերել: Աբխազիա առաջին անգամ եկողները, նորից ու նորից վերադառնում են այստեղ: Օրինակ, Բրյուս Թելլին` այստեղ եկած հազվադեպ ամերիկացիներից մեկը: Նա լսել էր Աբխազիայի մասին Ռուսաստանի հարեւան շրջանների առողջարաններում հանգստանալիս, եւ չի ափսոսում սահմանից այս կողմ ճանապարհորդություն կատարելու համար: «Սոչիում անընդհատ խցանումներ են, իսկ այստեղ շատ գեղեցիկ  է: Ես տեսա Գագրան, Ռիցա լիճը, Նովի Աֆոնը, այնտեղի քարանձավը: Այն ինձ շատ դուր եկավ, եւ ես կվերադառնամ Աբխազիա», - ասում է ամերիկացին: Անահիտ Գոգորյան, Սուխում Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter