Կարեն Կարապետյանը՝ մետրոյում
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային օրը սկսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած շրջայցով՝ մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Քաղաքապետը ծանոթացել է մետրոպոլիտենի կառավարման համակարգերին, որոնք դեռևս խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են: Թեև դրանք առայժմ ծառայում են անխափան, սակայն Կարեն Կարապետյանը խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք՝ փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով, և հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:
Այնուհետև քաղաքապետը հետևել է վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ «Անվտանգ Երևան» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 10 կայարանում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները:
Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա ևս 6 մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաև շարժակազմերի վագոններում:
Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ անկախության 20-ամյակի կապացությամբ՝ շուտով գործող 45 շարժակազմին կավելանա ամբողջությամբ վերանորոգված ևս երկու շարժակազմ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Սասունցի Դավիթ, Շենգավիթ, Գործարանային, Գարեգին Նժդեհ և Հանրապետության հրապարակի մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել և կազմել զարգացման հստակ ծրագիր:
«Ինչ խոսք, նոր կայարանների կառուցումն անհրաժեշտություն է, սակայն, ցավոք, այսօր այն բավականին թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանի կառուցումը ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց և այնպես, վստահ եմ՝ կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաև դրա համար է, որ առաջարկել ենք ծրագիր և հայեցակարգ ներկայացնել»,- նշել է քաղաքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել