Ոստիկան ամբաստանյալները պնդում են նախաքննական ցուցմունքները` մեկ բացառությամբ. իրենց մեղավոր չեն ճանաչում
Անցյալ տարվա մարտի 2-ի լուսադեմին Երեւանի Մաշտոցի պողոտայում պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգոյանի դեմ գործով այսօրվա նիստում ցուցմունքներ տվեցին ամբաստանյալները:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, նրանք պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները, սակայն հայտարարեցին, որ հանցանք չեն գործել, որ իրենց գործողությունները եղել են իրավաչափ եւ բխել են «Ոստիկանության մասին» օրենքի դրույթներից: Մասնավորապես, Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկան Գ. Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե բռնություն, այլ ֆիզիկական ուժ է գործադրել օրենքի եւ իր լիազորությունների շրջանակներում` տուժողներն իրենց օրինական պահանջներին չէին ենթարկվում, հայհոյում էին, սկզբնապես նաեւ կասկած կար, որ նրանք տարածքում մեքենաների հրկիզման, խանութների թալանի մասնակիցներ էին: Մեղադրող Աշոտ Նադոյանի հարցին ի պատասխան` Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի մյուս ոստիկանը` Ա.Մանուկյանը, նշեց, որ իրավախախտ քաղաքացիներին բաց են թողել, քանի որ համոզվել են, որ նրանք թալանի հետ առնչություն չեն ունեցել եւ նաեւ խղճացել են` տուժողներից մեկը հիվանդ երեխա ուներ: Մեղադրանքի կողմի միջնորդությամբ դատարանում հրապարակվեցին ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները` դատաքննության ցուցմունքների հետ առկա հակասության պատճառով. ի տարբերություն դատարանում տված ցուցմունքի. նրանք նախաքննության ընթացքում իրենց լիովին մեղավոր էին ճանաչել առաջադրված մեղադրանքում, զղջացել, խնդրել օրենքի շրջանակներում հնարավորինս մեղմ վերաբերվել: Ոստիկանները խնդրել էին նաեւ հաշվի առնել իրենց բարոյահոգեբանական վիճակը` մարտի 1-ին սպանվել էր մեկ եւ վիրավորվել էին բազմաթիվ ոստիկաններ: Ա. Մանուկյանը եւ Գ. Գրիգորյանը նախաքննական ցուցմունքներում նշել էին նաեւ, որ դեպքի մասին նախկինում չեն հայտնել, քանի որ մտածել են, որ խնդիրներ կունենան: Դատարանում հետազոտվեցին գործի գրավոր նյութերը, ըստ որոնց, մասնավորապես, Ա. Մանուկյանը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությանը, իսկ Գ. Գրիգորյանը` արժանացել մի շարք խրախուսանքների, նախկինում դատապարտված չեն եղել: Դեկտեմբերի 10-ին նշանակված դատական նիստում առանցքային ապացույցի` տեսասկավառակի հետազոտմամբ կավարտվի գործի նյութերի հետազոտման փուլը: Ի դեպ, ամբաստանյալները նշեցին, որ տեսասկավառակում պատկերված, երկու քաղաքացիներին հարվածներ հասցնելու կադրերը մոնտաժված չեն, իրական են, սակայն տեսաձայնագրության մաս չի կազմել միջադեպի սկզբնամասը: Մինչեւ հաջորդ դատական նիստը պաշտպանական կողմը կորոշակիացնի իր դիրքորոշումը` ունի դատաքննությունը լրացնող միջնորդություններ, թե ոչ, մեղադրող կողմը այդպիսիք չունի:
Սոնա Մաշուրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել