Տարածքների դիմաց` տնտեսական աջակցություն
Բրիտանական հեղինակավոր ոչ կառավարական LINKS կազմակերպությունը, որ զբաղվում է նաև քաղաքական հետազոտություններով, օրերս հրապարակել է ղարաբասղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ զեկույց: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և այդ մասին ոչ երկիմաստ մեսիջ հղի Հայաստանին և Ադրբեջանին:

LINKS-ի կարծիքով, կարգավորման ներկա փուլում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անցնում են կարգավորման նոր փուլ, միջազգային հանրությունը պետք է կողմերին օգնի` կատարել հաջորդ ոչ հեշտ քայլերը: Սա կպահանջի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, ինչպես նաև` Թուրքիայի ղեկավարների միջամտությունը` «բլիթի և մտրակի» քաղաքականության միջոցով:
«Օրինակ, միջազգային հանրությունը կարող է Հայաստանին տնտեսական աջակցության լայն փաթեթ առաջարկել, ինչը խթանիչ ազդեցություն կունենա Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման գործընթացի վրա»,- նշվում է հեղինակավոր կազմակերպման զեկույցում:
«Թուրքիան կոչված չէ դառնալու Եվրամիության անդամ երկիր»
Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի բացառիկ հարցազրույցը «Ազգ» օրաթերթին
Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը:
Ես հակված կլինեի խոսել մեր երկրների երկկողմ հարաբերությունների շարունակության և խորացման մասին, որոնք նշանավորվում են մեր երկրներին և ժողովուրդներին կապող խոր բարեկամությամբ: Ուրախությամբ եմ փաստում նախաձեռնությունների բազմապատկումն ապակենտրոնացված համագործակցության շրջանականերում: Որպես օրինակ կնշեի Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախաձեռնած ոռոգման ծրագրերը Հայաստանի հյուսիսում և Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի և Պրովանս-Ալպեր և Լազուրե ափ շրջանի կողմից շտապօգնության հիվանդանոցի ստեղծումը Գորիսում:
Տնտեսական ոլորտում Հայաստանում ֆրանսիական ներկայությունը ուժեղացավ ոչ միայն հեռահաղորդակցությունների բնագավառում «Ֆրանս Տելեկոմի» հաստատվելով, այլև նոր տեխնոլոգիաների և ջրամատարկարարման ոլորտում, որտեղ երկար տարիներ Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալած «Վեոլիա» և «Սոր» ձեռնարկությունների կողքին հայտնվեցին ֆրանսիական նոր ձեռնարկություններ:
Մեր երկրների քաղաքական երկխոսությունը շարունակում է ակտիվ մնալ մանավանդ ընդհանուր հետաքրքրքություններ ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարցերի նորմալացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը և Հայաստան-Եվրամիություն սերտացումը, որին օժանդակում ենք, և որը նոր իմաստավորում է հաղորդում այս երկխոսությանը:
Մերոնք մեկնում են Աֆղանստան
Ըստ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանի, մոտ ապագայում մի խումբ զինվորականներ գործուղվելու են Աֆղանստան` ծանոթանալու ապագա ծառայության վայրին, պայմաններին, որից հետո հունվարին 40 հոգանոց զորախումբը մեկնելու է Գերմանիա` վերապատրաստման:
Այս գործընթացներից հետո` հաջորդ տարվա փետրվարին, գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների խումբը, որոնց մեծ մասը լինելու են հրաձիգներ, 6-ամսյա ժամկետով մեկնելու է Աֆղանստան` խաղաղապահ առաքելությամբ:
«Աֆղանստան մեկնելու ցանկացողների թիվը շատ է: Ընտրվելու են լավագույններից լավագույնները, փորձառու զինծառայողները»,- ասաց բրիգադի հրամանատարը:
Կարևորը` պարտք տվող կա
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի արտաքին պարտքի ծավալներն աղետալի չափերի են հասնում, Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե «սա մի իրավիճակ է, որին գնում են այն բոլոր երկրները, որոնք հուսալի վարկառուի իմիջ ունեն համաշխարհային ֆինանսական կազմակերությունների առաջ»:
«ՉԻ» - Հասկացա՞ք իմաստը: Ստացվում է, որ պարտքով հսկայական գումարներ են վերցնում ոչ թե այն երկրները, որոնք դրա կարիքն ունեն, այլ նրանք, որոնք վստահ են, որ իրենց պարտքով փող կտան: Սա նույնն է, թե մեկին քրեական պատասխանատվության ենթարկեն` փողոցում մարդ ծեծելու համար, ու նրա փաստաբանը հայտարարի, թե «այդպես վարվում են բոլոր նրանք, ովքեր ֆիզիկապես ուժեղ են դիմացինից»:
Մինչդեռ խոսքը կոնկրետ հանցագործության մասին է: Կոնկրետ մեր դեպքում` իշխանությունները միլիարդավոր դոլարների հասնող վարկեր են վերցնում, «հաջողացնում են» դրա արդյունքում որևէ դրական տեղաշարժ արձանագրել, իսկ այդ պարտքը պիտի վերադարձնեն հաջորդ սերունդները:
Ու իբր դա քիչ է, հիմա էլ մեզ բացատրում են, որ պարտք ենք վերցնում միայն այն պատճառով, որ տվող կա:
Ծրագրում են «թավշյա հեղափոխություն»
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության Շահումյանի հանքի երկու տեղամասերի խոր փորման հաստոցավարներն ու օգնականները դիմում են ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆելետային ու Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին:
Նրանք դժգոհ են իրենց վարձատրությունից և որոշել են գործադուլ անել: Սակայն քանի որ հանքի 400 աշխատողներից միայն 41-ն է դժգոհ, ուստի գործադուլ անել չեն կարող: Ըստ օրենքի` գործադուլ է համարվում այն ակցիան, որին մասնակցում են գոնե որևէ տեղամասի բոլոր աշխատակիցները:
Սակայն աշխատակիցները մտադիր չեն նահանջել, նրանք պայքարի նոր ձևեր են մտածում, մասնավորապես ծրագրում են կոմբինատում «թավշյա հեղափոխություն» իրականացնել ընդդեմ գլխավոր տնօրենի:
ԶԼՄ-ների ազատությունը գեղեցկության մրցույթ չէ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին ցանկացավ համեմատություն անցկացնել Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների մամուլի վիճակի միջև. «Սովորաբար այս հարցին տալիս են լրագրողների համար ոչ պոպուլյար պատասխան, քանի որ ասում են` մենք գեղեցկության մրցույթի չէ, որ մասնակցում ենք:
Գիտեմ, որ կան որոշ հրաշալի հասարակական կազմակերպությունններ, ինչպիսիք են «Hridoom House», «Reporters without Borders», որոնք զբաղվում են դրանով և շատ պոպուլյար են լրագրողների շրջանում: Բայց դա անպայման հանգեցնում է ազգայնականության խաղերի, և մեզ դա դուր չի գալիս:
Սակայն մի խնդիր կա, որն ընդհանուր է տարածաշրջանում` երեք երկրներում էլ բացակայում է լրատվության սեփականության թափանցիկությունը, հատկապես հեռարձակման ոլորտում: Եվ ես դա կցանկանայի նշել, և ոչ համեմատել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել