
2009թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է կենդանական աշխարհի պահպանության խախտման` որսագողության 80 դեպք, որից 4-ի համար հարուցվել է քրեական գործ:
Ինչպես «Հետքին» տեղեկացրին Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունից, կազմվել է վարչական տուգանքի 71 ակտ 2730,0 հազար դրամի չափով, 54 դեպքի համար հաշվարկվել է բնությանը պատճառած վնասի հատուցում` 10530,0 հազար դրամի չափով և առգրավվել է 2927 հատ տարբեր տեսակի ապօրինի որսված ձուկ, 4 որսորդական նավակ, 3 հատ որսորդական հրացան:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի 23 դեպք, նշանակված տուգանքների չափը կազմել է 1030,0 հազար դրամ, բնության պատճառված վնասի հատուցման չափը` 2263,0 հազար դրամ: Ապօրինի որսի 17 դեպք գրանցվել է Գեղարքունիքում, 13 դեպք` Շիրակում, Արագածոտնում և Արարատում` 4 դեպք, Արմավիրում և Տավուշում` 3, Երևանում և Վայոց Ձորում` 5 դեպք: Սյունիքի մարզի Կապուջուղ լեռան ստորոտում գտնվող «Գյոլ-Գյել» լճի տարածքում հայտնաբերվել է 2 բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, առգրավվել է 57,5 կգ միս և 2 հատ «կարաբին» տեսակի հրացան, բնության հասցված վնասը հաշվարկվել է 6000,0 հազար դրամի չափով: Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերվել է վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպք, կազմվել է պատճառված վնասի հաշվարկ` 1000,0 հազար դրամի չափով, հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ 2008թ. հայտնաբերվել էր որսագողության 102 դեպք, և կազմվել էր վարչական տուգանքի 68 ակտ 2370,0 հազար դրամի չափով, վնասի հատուցման 37 արձանագրություն` 12000,0 հազար դրամի չափով: Առգրավվել էր 1009 գծամետր և 427 հատ փոքր ձկնորսական ցանց, 120 հատ խեցգետնորսիչ, 3 հատ նավակ, 1395,5 կգ ձուկ, 21 կգ խեցգետին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել