Ձերբակալվել են «Questnet»-ի երևանյան ղեկավարները
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել և կասեցրել են ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը և այսպես կոչված` ֆինանսական բուրգի ստեղծմանը:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության` պարզվել է, որ ներցանցային մարքետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողությամբ առողջությունը իբր կարգավորող տարբեր տեսակի ապակյա ԲԻՈ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաև մինչև 8 գրամ քաշով ոսկյա զարդեր և վզնոցներ:
Հետագայում քաղաքացիները, հասկանալով, որ վճարված գումարը տասնյակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժեքը, «Questnet»-ի ներակայացուցիչներից հետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան նրանց առաջարկվել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը` վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաև ստանալ զգալի եկամուտ:
Քննությամբ պարզվել է, որ «Questnet»-ի ղեկավարներ ԻԻՀ քաղաքացի` Ռայմոնդ Քոչարյանսի և ՀՀ քաղաքացի` Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպված երևանյան ցանցում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 113 քաղաքացիներ, որոնց վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակվել է խոշոր չափի գումարներ:
«Ռ. Քոչարյանսը և Վ. Մանուկյանը ձերբակալված են»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից և ՀՀ քաղաքացիներին հորդորում «չգայթակղվել արագ հարստանալու ցանկությամբ և հեռու մնալ նմանատիպ խարդախներից և կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել