Սերգեյ Կապինոսն ավարտում է առաքելությանը Հայաստանում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
Հաջողություններ մաղթելով դիվանագետին հետագա գործունեության մեջ՝ փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը:
Նա մասնավորապես կարևորեց գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում և հույս հայտնեց, որ ձևավորված կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի, ու նոր ղեկավարության հետ կհաջողվի ավարտին հասցնել սկսված ծրագրերն ու կյանքի կոչել նորերը:
Ս. Կապինոսը իր հերթին ևս արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը՝ հայտնելով, որ պատրաստակամ են աջակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության նախաձեռնած պետական կառավարման համակարգի բարեփոխումներին՝ դիվանագետը վստահություն հայտնեց, որ դրանք հաջողություն կունենան, և Հայաստանի մոդելը մյուս երկրների համար կարող է օրինակելի լինել:
Նա նշեց, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիայի գերակայություններից են արդյունավետ կառավարման (good governance) խնդիրները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ զրուցակիցներն անդրադարձան նաև բնապահպանական ոլորտում գործակցությանը: Ս. Կապինոսը տեղեկացրեց, որ ձևավորվելիք Օրհուսի հիմնադրամը կհամակարգի ներկայումս գործող Օրհուսի կենտրոնների գործունեությունը և ընդգրկելով թե պետական, թե հասարակական, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կարող է իշխանությունների և բնակչության փոխգործակցության յուրատեսակ հարթակ դառնալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել