ԱՄԷ-ի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան
Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի եւ ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի միջեւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրման արարողությանը կհետեւի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությունը Երևանում կայցելի նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել