Սեզոնային գրիպից մահացությունն ավելի բարձր է
Այսօր առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել գրիպի տարածման կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ինչպես փոխանցում է նախարարության մամուլի բաժինը, խորհրդակցության ժամանակ անդրադարձել են Երևանում և մարզերում տիրող իրավիճակին, Երևանի բժշկական կենտրոններում սուր շնչառական վիրաուսային վարակների ախտանիշներով և թոքաբորբով բուժում ստացող հիվանդների վիՃակին, լաբորատոր հետազոտությունների կատարմանը:
Նշվել է, որ բոլոր հիվանդների մոտ անց են կացվել վիրուսոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ըստ որի, բուժում ստացող որոշ հիվանդների մոտ ախտորոշվել է ինչպես սեզոնային գրիպ (A տեսակ), այնպես էլ «խոզագրիպ» (A/H1N1 տեսակ): Այսօրվա դրությամբ Հայաստանում 28 անձի մոտ ախտորոշվել է գրիպի H1N1 տեսակը:
Դեկտեմբերի 1-ին «Արմենիա» ԲԿ-ում մահվան դեպք է արձանագրվել. ևս մեկը մահացել է դեկտեմբերի 3-ին` «Էրեբունի» ԲԿ-ում: Երկու հիվանդից նախապես վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում սեզոնային գրիպ է հաստատվել:
Նախարարը հանձնարարել է ուշադրության ներքո պահել վիրուսային հիվանդությունների ախտանիշներով և թոքաբորբով բուժում ստացող յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակն ու բուժման գործընթացը, քանի որ, համաձայն միջազգային տվյալների, սեզոնային գրիպից մահացությունը ավելի բարձր է, քան A/H1N1 տեսակ գրիպից: Գրիպի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով հիվանդանոցներում շարունակել այցելությունների սահմանափակումը, իսկ մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում)` արգելքը:
Նախարարը կրկին նշել է «խոզագրիպի» դեմ պատվաստանյութի հնարավորինս շուտ ձեռք բերման, նաև գրիպով հիվանդացության վերաբերյալ օրվա ընթացքում տվյալների օպերատիվ հավաքագրման անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել