HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ

X.Hakobyan_04-12-09«Հիմնադրման օրվանից մեր կենտրոնում հետազոտվել է 176 հազար այցելու, որից 92 հազարը կրծքագեղձի հետազոտություն էր: Քաղցկեղ ախտորոշվել է 5 750 այցելուի մոտ: Քաղցկեղն ամենավաղ փուլում ախտորոշվել է 1 600 կնոջ մոտ, սակայն թեթև վիրահատական միջամտության շնորհիվ հաջողվել է երկարացնել նրանց կյանքը. հիվանդների մեծ մասն ապրում է 5 տարուց ավելի, ինչն էլ մեր բժիշկներին թույլ է տալիս հուսալ, որ նրանց մոտ քաղցկեղը չի կրկնվի»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև կրծքի քաղցկեղով տառապող տղամարդիկ: Խ.Հակոբյանի խոսքերով` մոտ 120 տղամարդկանց մոտ հայտնաբերվել է կրծքի բարորակ գոյացություն, քաղցկեղով հիվանդ 7 տղամարդկանցից 4-ը մահացել են, իսկ 3 հիվանդի կյանքի համար բժիշկները պայքարում են: «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն»-ում իրականցվում է ոչ միայն քաղցկեղի դեպքերի հետազոտություն և ախտորոշում, այլև բուժում են անպտղությունը: Կենտրոնի տնօրենի խոսքերով` մինչ օրս իրենց կենտրոնի շնորհիվ ծնվել է 60 երեխա: Խ. Հակոբյանը նշում  է նաև, որ քաղցկեղն ախտորոշող մամոգրաֆիկ սարքի առկայությունը միայն բավարար չէ: Սարքը գտնվում է կենտրոնի երկու ինժեներների մշտական վերահսկողություն տակ. սարքի ստուգման ցուցանիշներն ուղարկվում են ԱՄՆ, և արդյունքներն ստանալուց հետո է միայն իրականցվում այցելուի հետազոտությունը: Արդյունքում այցելուի ստացած ճառագայթի քանակը չի գերազանցում Երևանից Մոսկվա թռիչքի ժամանակ ստացած ճառագայթի քանակը: Հաշվի առնելով, որ մարզերի բնակչությունը, մասնավորապես, գյուղացիներն առավել  անտեղյակ են հիվանդությանը` կենտրոնի ներկայացուցիչներն ամիսը 4 անգամ համապատասխան սարքավորումներով հագեցած մեքենայով այցելում են մարզեր և գյուղեր` իրականացնելով անվճար հետազոտություններ: «Մեր հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ քաղցկեղն ավելի շատ տարածված է Գեղարքունիքի մարզում, ինչից ելնելով էլ մենք մասնաճյուղ բացեցինք Գավառ քաղաքում: Հաշվի առնելով Արմավիրում ատոմակայանի առկայությունը` քաղցկեղի դեպքերի մեծ թիվ չենք գրանցել»,- ասաց Խ. Հակոբյանը: Կենտրոնի մասնագետների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Գորիսում շատ է տարածված վահանգեղձի խնդիրը: «Մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունը 11 000 դրամ է, իսկ մինչ 35 տարեկան կանանց համար` 6 000 դրամ: Անվճար հետազոտվելու իրավունք ունեն հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքի կանայք, բազմազավակ մայրերը, կռված կանայք և անչափահաս երեխանները: Պետք է ասեմ նաև, որ անկախ ամեն ինչից` մեր կենտրոն դիմած ցանկացած այցելու, անկախ ֆինանսական հնարավորություններից, ստանում է համապատասխան օգնություն»,- ասաց Խ.Հակոբյանը: Ասուլիսին ներկա «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն»-ի բժիշկ ռադիոլոգ Նունե Մաշուրյանն ասաց, որ Հայաստանում հիմնականում բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ ուռուցքն իր մասին զգացնել է տալիս: Իսկ ախտորոշման համար, բժշկի համոզմամբ, ամենաինֆորմատիվ միջոցը մնում է մամոգրաֆիկ հետազոտությունը: «Քաղցկեղի հետագա բարդություններից խուսափելու և ժամանակին դրա դեմն առնելու համար ամերիկացի բժիշկները խորհուրդ են տալիս կանանց  50 տարեկանից հետո սկսել մամոգրաֆիկ հետազոտությունները: Սակայն մեր բնակչության պոպուլացիան ցույց է տվել, որ այսօր մենք ունենք 23-27 տարեկան այցելուներ: Ուստի 45-50 տարեկան կանայք պետք է պարտադիր ունենան մեկ հենքային մամոգրան, իսկ 18 տարեկանից էլ գնան գինեկոլոգի մոտ»,- ասաց Ն.Մաշուրյանը: Բժիշկը նշեց նաև, որ չնայած մինչ այսօր անհայտ է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը, սակայն դրա փոխարեն կան մի շարք պատճառներ` ռիսկային գործոններ, որոնցից առաջինը ժառանգականությունն է. այն հիմնականում փոխանցվում է մորից: Ն. Մաշուրյանի հավաստմամբ` վիճակագրական տվյալներով քաղցկեղի դեպքերի բարձր տոկոս է արձանագրվում աղետի գոտիներում, ինչի հիմնական պատճառը սթրեսային գործոնն է: «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն»-ը Հայաստանում գործում է 1997 թ.-ից: Այն հիմնադրվել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter