ԱՄՆ-ն 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Հայաստանին
Այսօր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրեցին ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին համաձայնագիրը:
Համաձայն այս 13-րդ փոփոխության՝ ԱՄՆ կառավարությունը մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրեր իրականացնելու համար:
«Ֆինանսավորումը, որը տրամադրվում է սույն hամաձայնագրով, կծառայի Հայաստանի քաղաքացիների շահերին՝ շարունակելով աջակցել ՀՀ կառավարությանը առավել արդյունավետ կերպով պայքարել անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, թմրամիջոցների անօրինական շրջանառությունը և փողերի լվացումը: Իրականացվող ծրագրերը նաև կնպաստեն Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին»,- հայտնում է ՀՀ դատախազությունը:
Այս ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից են մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցելու, քրեափորձագիտական ինստիտուտը զարգացնելու, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի փողերի լվացման դեմ ուղված կարողությունները զարգացնելու և այլ ծրագրերը:
2001 թ. հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ կառավարությունը, իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով, դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել