«Հանձնաժողովը փաստացի «ոչ» ասաց Հայրենազրկմանը»
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների (Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան) հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նիստին մասնակցել են հանձնաժողովի բոլոր անդամները (բացառությամբ Վիկտոր Դալլաքյանի), նաեւ պատգամավոր Անահիտ Բախշյանը: 2009թ. նոյեմբերի 2-ին շրջանառության մեջ դրված օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը նշել ոչ միայն իբրեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ նաեւ` Հայրենազրկման դատապարտման օր: Օրինագծի համահեղինակ եւ զեկուցող Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նախագիծը եւ նշել, որ նման լրացումն անհրաժեշտ է այն պարզ պատճառով, որ Հայոց Ցեղասպանության նպատակը եղել է հայերին իրենց հայրենիքից զրկելը: Դրանով էլ հենց Հայոց Մեծ Եղեռնը տարբերվում է հրեական Ողջակիզումից, երբ հրեաները ցեղասպանության ենթարկվեցին իրենց հայրենիքից դուրս եւ միայն իրենց ազգային պատկանելության համար:
Կառավարության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագծի ընդունումն աննպատակահարմար համարելու մասին կառավարության եզրակացությունը, իբրեւ հիմնավորում հայտնել է, որ 1988թ. նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է սոսկ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Իսկ հետագայում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը հենվել է հենց այդ հիմքի վրա:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ կարելի էր փոփոխությունը կատարել 1988թ. նոյեմբերի 22-ի օրենքի հենց այդ դրույթում եւ «Հայրենազրկում» եզրույթի հետ միասին ներառել Ցեղասպանության մասին հռչակագրում հանդիպող այլ բառեզրերը նույնպես: Ինչ վերաբերում է Ցեղասպանություն-Հայրենազրկում կապին, Շ.Քոչարյանը նշել է, որ թաթարների դեպքում էլ եղել է հայրենազրկում, բայց ոչ` Ցեղասպանություն:
Ա.Բախշյանը ասվածի կապակցությամբ տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է կառավարության ներկայացուցիչը փորձում հակադրվել, այն դեպքում, երբ ինքը եւ Զ.Փոստանջյանը խոսում են նույն բանի մասին, եւ ինչու է փորձում տարանջատել Հայոց Ցեղասպանությունը Հայոց Մեծ Հայրենազրկումից, երբ գործող նախագահն էլ իր ուղերձում կողք կողքի օգտագործել է Ցեղասպանություն եւ Հայրենազրկում բառերը:
Հանձնաժողովի բոլոր անդամները, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի (Ժառանգություն) եւ Արտյուշա Շահբազյանի (ՀՅԴ), դեմ են քվեարկել օրինագծին դրական եզրակացություն տալու հարցին: Այժմ օրինագծի օրակարգ մտնելու հարցը քվեարկությամբ կորոշվի Աժ առաջիկա քառօրյա նիստի ընթացքում: Հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել նույն օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով առաջարկվում է Սուրբ Ծննդին ու հայտնության տոնին հաջորդող մեռելոց (ննջելոց) հիշատակի օրը սահմանել որպես տոնական, ոչ աշխատանքային օրեր:
«Հանձնաժողովը փաստացի «ոչ» ասաց Հայրենազրկմանը: Այն Հայրենազրկմանը, որի մասին խոսեց ՀՀ նախագահը, ով վերջերս հաճախ է խոսում գործի ու խոսքի տարբերության մասին: Իսկ այսօրվա նիստն ու խորհրդարանական մեծամասնության պահվածքը դրա վառ վկայությունն է»,-տարակուսում են «Ժառանգությունում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել