Սասուն Միքայելյանը Հանրապետական հիվանդանոցում է
Երեկ առավոտյան «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Առաջիկա օրերը նա անցկացնելու է Հանարապետական հիվանդանոցում: Մասնագետների կարծիքով` Միքայելյանին անհրաժեշտ է վիրահատել,

«պլանավորվում է մոտ 4 վիրահատություն անել` խեցու հեռացում, որը շնչառության դժվարացման է բերում, քիմքի պլաստիկ վիրահատություն` պիտի քիմքը կարճացվի եւ հայմորյան խոռոչի ռադիկալ վիրահատություն: Մեր նպատակը քնի մեջ շնչառության կանգը վերացնելն է, բորքոքային մասը վերացնելն ու քթային շնչառությունն ապահովելն է: Սրանք բոլորը շղթայով միմյանց կապված են»:
Վերադարձ կկվի բուն
Վերջերս դժվար դաստիարակվողների համար նախատեսված Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի մի աշակերտուհի` Է.-ն, ինքնասպանության փորձ է արել` ընդունելով քնաբեր դեղամիջոցի անթույլատրելի մեծ չափաբաժին: Աղջկան հաջողվել է փրկել, իսկ Էրեբունու ոստիկանությունը դեպքի առիթով նյութեր է նախապատրաստում: Է.-ի հետ առնչվող մանկավարժներն ասում են, որ ինքնասպանության փորձը ծանր հոգեբանական տրավմայի հետեւանք է: Նրա մայրը նոր` իրենից 10 տարով երիտասարդ զուգընկեր ունենալով, հրաժարվել է 8 տարեկան երեխայի խնամքից:
Նախ ուղարկել է նրան գիշերօթիկ դպրոց, ապա հանձնել է մանկատուն: 18 տարին լրանալուց հետո Է.-ին ուղարկել են դժվար դաստիարակվողների համար թիվ 18 դպրոցը, բայց է.-ն ընդամենը մի երկու շաբաթ է ապրել այստեղ: Մանկուց խորացած տրավմաները մահվան շեմին հասցրին կկվի ձագուկին: Փրկեցին բժիշկները, իսկ մանկավարժները որոշեցին նրան մոր մոտ ուղարկել` կկվի բույն: Լուր հասավ, թե վերջինս որոշել է փորձաքննության ենթարկել «ձագին» եւ չընդունել նրան «բույն», եթե պարզվի, ո նա արդեն «օրիորդ» չէ:
Հարցը կտրուկ են դրել
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է ԱՄՆ: Այցի նախաշեմին ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում Էրդողանը պայմաններ է առաջ քաշել: «Մենք հենց ամենասկզբից հայտարարում ենք ամերիկյան իշխանություններին. եթե դուք կարգավորեք ղարաբաղյան հակամարտությունը, դրանով լուծում կտաք նաեւ հայ-թուրքական առկա խնդիրներին: Հակառակ դեպքում դուք չեք կարող լուծում տալ հայ-թուրքական խնդիրներին»,- զգուշացրել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ Բարաք Օբամայի հետ անպայման քննարկելու է ԼՂ հարցը, քանի որ, նրա խոսքերով, հայ-թուրքական հիմնախնդիրը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Բարաք Օբաման պատասխանել է հայ համայնքի նամակին
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 20-ով թվագրված նամակ է ուղարկել Ամերիկայի հայկական համագումարի հոգեբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովհաննիսյանին, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը որակել է պատմական: Նամակում Օբաման նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում` խոստանալով.«Առաջիկա ամիսներին շարունակելու ենք եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»:
Այս նամակը պատասխանն է սեպտեմբերի 9-ին Օբամային ուղղված ԱՀՀ-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ԱՄՆ Հայկական առաքելական եկեղեցու նամակի, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները աջակցություն էին հայտնել հայ-թուրքական բանակցություններին, հայտարարել, թե ԱՄՆ-ը Թուրքիային պետք է դրդի հրաժարվելու բանակցությունները ԼՂ խնդրով պայմանավորելու մղումներից, ինչպես նաեւ կոչ էին արել Օբաամային` կատարել նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Եթե նորմալացման գործընթացն ԱՄՆ-ն ընդամենն օգտագործի որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատրվակ, դա կարող է հարվածել հարաբերությունների կարգավորմանն ու հուսախաբ անել մարդկանց», նամակում այն ժամանակ գրել էին հայ համայքնի ներկայացուցիչները:
Պատասխանում Օբաման, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, կրկին խուսափել է «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց` գործածելով «20-րդն դարի մեծագույն ողբերգություններից մեկը» ձեւակերպումը, թեեւ չի մոռացել շեշտել, որ անցյալում իր արտահայտած կարծիքները մնում են ուժի մեջ.«Ես հավատում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն անցյալի իրողությունները` առաջ շարժվելու իրենց ջանքերը հաջողությամբ պսակելու համար»,-գրել է իր նամակում Օբաման:
Ո՞ւր են խոզի գրիպով մեր հիվանդները
Կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանում խոզի գրիպի դեպքերի արձանագրման վերաբերյալ տեղեկությունները, որոնք մինչեւ նոյեմբերի 24-ն աճում էին վայր գլորվող ձնագնդի նման, նոյեմբերի 24-ից հետո միանգամից կտրվեցին:
Ի՞նչ պատահեց, դադարեց այդ վարակի հետագա տարածումը մեր երկրում: Շրջանառվող լուրերի համաձայն` խուճապի առաջացումից զգուշանալով, առողջապահության նախարարությունից հրահանգ է եղել բուժհաստատություններին, որ H1N1-ով վարակվածության նոր դեպքերի մասին տեղեկություններ չտարածեն:
Նո՞ւյնն էր Լեւոնի օրոք, նույնն է եւ այսօ՞ր
«Հաճախ մեզ մեղադրել են կոալիցիայի մեջ լինելով` ընդդիմություն խաղալու մեջ, բայց այս մի հարցը (ազգային նպատակներին հասնելու ուղեգծի հարցը-խմբ) մեզ միշտ պահել է, մեզ միշտ կաշկանդել է: Այո, ոuղեգիծը եթե պահվում է, մենք անգամ մեր վարկանիշի հաշվին պետք է նեցուկ կանգնեինք, որ այդ ուղեգիծը չփոխվեր: Իսկ հիմա այդ ուղեգիծը փոխվել է: Մենք այդտեղ անելիք չունենք: Նույնը եղել է Լեւոն Տեր Պետրոսյանի ժամանակ, նա էլ է մեզ առաջարկել իր հետ կառավարություն կազմել, բայց ուղեգծի տարբերության պատճառով մենք չենք ընդունել այդ առաջարկությունը: Նույնն է, ոչ մի բան չի փոխվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Ռեկորդակիրը»
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2009 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի անկում, բացի Ուզբեկիստանից: ԱՊՀ երկրներում ՀՆԱ անկման միջին ցուցանիշը կազմում է 9 %: Հայաստանում այն կազմել է - 17.5 %, Ռուսաստանում` - 9.6 %: ՀՆԱ-ի ամենաբարձ աճը գրանցվել է Ադրբեջանում` 8,3 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել