HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ իշխանությունները պետք է արտահայտեն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումը

Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպությունների եւ փորձագետների խորհրդի երեկվա նիստի քննարկման թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներն ու Աթենքում ընդունած հայտարարությունն էին: Նիստին հրավիրված էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Վահրամ Աթանեսյանը, հիշեցնելով հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, շեշտեց, որ Ղարաբաղում արդեն ժամանակն է, որ հստակ դիրքորոշում արտահայտվի կարգավորման Մադրիդյան սկզբունքների եւ գործընթացի վերաբերյալ: «Օդում կախված մի հարցական կա, որի պատասխանը պետք է տան ԼՂՀ իշխանությունները»,-նշել է Վ.Աթանեսյանը: Խոսքը վերաբերում է նրան, թե որքանով են մադրիդյան սկզբունքները բխում Ղարաբաղի շահերից: Քննարկումների ժամանակ խոսեցին նաեւԱդրբեջանի ղեկավարության կողմից, այդ թվում նախագահի մակարդակով, մշտապես եւ վերջին ժամանակներս ավելի հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունների մասին: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ տարօրինակ ոչինչ չկա, եւ Ադրբեջանն այդ կերպ փորձում է բանակցային գործընթացում իր զիջումը դարձնել հենց ուժի չկիրառումը` դրանով իսկ չզիջելով ոչինչ: Ըստ նրա՝ դա պարբերաբար արվում է հենց այն ժամանակ, երբ կարգավորման գործընթացում ինչ-որ շանս է հայտնվում: Գեղամ Բաղդասարյանը գտնում է, որ միջազգային հանրությանը կամ այլ կազմակերպություններին դիմելու փոխարեն, այսօր ԼՂՀ քաղաքացիները պետք է պահանջեն իշխանություններից, որ հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, այդ թվում` մադրիդյան սկզբունքների եւ ընդհանրապես բանակցային գործընթացի եւ ձեւաչափի վերաբերյալ: Նա միաժամանակ ընդգծեց, որ ժամանակն է, որ Ղարաբաղը հայտարարի, որ չի պատրաստվում պատասխանատվություն կրել առանց իր մասնակցության ձեռք բերված որոշման համար եւ Հայաստանի իշխանություններին չի լիազորել իր փոխարեն բանակցել Ադրբեջանի հետ: ԱԺ պատգամավորը հավելեց նաեւ, որ անհրաժեշտ է ունենալ կարգավորման ղարաբաղյան մոդելը, որպեսզի բանակցություններում հստակ լինեն ներկայացվող առաջարկները: Քննարկմանը նշվեց նաեւ մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների տապալման եւ այն զրոյից սկսելու մասին: Իսկ լուծման տարբերակներն, ըստ մասնակիցների, պետք է բխեն ԼՂՀ ժողովրդի շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter