«Կարծում եմ` Թեղուտի հայցադիմումն այս տարի չի քննվի»
Վճռաբեկ դատարանի վերջերս կայացրած որոշումից հետո Վարչական դատարանը ստիպված է քննել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը, որով պահանջում են դադարեցնել հանքավայրի շահագործումը: Թեղուտի պաշտպանության խմբի փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վարչական դատարանը դեռեւս դատական նիստ չի նշանակել:
«Կարծում եմ` այս տարի գործը չի քննվի, որովհետեւ այն շատ մեծածավալ է, միայն հայցի պատրաստումը ամիսներ է տեւել»,- ասում է փաստաբանը: Հայկ Ալումյանը նաեւ տեղեկացրեց, որ որպես պատասխանող հանդես եկող ՀՀ կառավարությունից, Բնապահպանության եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններից դեռեւս չեն ստացել հայցադիմումի գրավոր պատասխանը:
Հիշեցնենք, որ հայցվորները հասարակական կազմակերպություններն են` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» եւ «Էկոդարը»:
Հայցվորները գտնում են, որ Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության ընդունած վարչական ակտերը խախտում են մի շարք օրենքներ, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 1, 10, 33.2 հոդվածները եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ հողային, ջրային եւ ընդերքի մասին օրենսգրքերի մի շարք հոդվածներ, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել