Բերդում աշխատանք են գտնում միայն կանայք, իսկ տղամարդիկ` «խոպան» են գնում
Բերդի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Մարտին Ապրեսյանն ասում է, որ Բերդի տարածաշրջանում աշխատաշուկա չկա: Հատկապես այն երիտասարդները, ովքեր աշխատանքի փորձ չունեն` իրենց համար մեծ խնդիր է աշխատանք գտնելը: 2008 թվականի վերջին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցվել է 822 աշխատանք փնտրող, որից 596-ն ունեցել են գործազուրկի կարգավիճակ:
Նույն տարում աշխատանք է գտել ընդամենը 70 մարդ, իսկ զբաղվածության տարբեր ծրագրերում ընդգրկվել են 227-ը: Նախորդ տարի առաջին անգամ զբաղվածության կենտրոն է դիմել 291 մարդ: Նրանցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 220-ը: Պատկերը գրեթե նույն է այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ: 10 ամիսների ընթացքում հաշվառվել են 779 աշխատանք փնտրողներ, որոնցից 582-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ: Նույն ժամանակահատվածում աշխատանքի է ընդունվել 51 մարդ: Այս տարի առաջին անգամ կենտրոնում գրանցվել է 273 մարդ, նրանցից 195-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ: «Մեր գործատուները հիմնականում բյուջետային հիմնարկներն են ու մասնավոր խանութները: Խանութներն էլ այսօր ընտանեկան բիզնես է եւ իրենց ընտանիքի անդամներով են աշխատացնում ու մեզ չեն էլ դիմում: Շինարարական կազմակերպությունների վրա էլ հույս դնել չի լինում: Նրանք մրցույթը շահում են ու իրենց հետ մասնագետներ, նույնիսկ բանվորներն են բերում»,- ասաց Մ. Ապրեսյանը: Զբաղվածության կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իրենց դիմած գործատուները պահանջում են համապատասխան մասնագիտություն եւ որակավորում ունեցող աշխատողներ, սակայն նրանց շատ ցածր են վարձատրում: «Մեզ մոտ տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի պահանջներ է լինում: Գործատուն մեր առջեւ պահանջ է դնում, որ որակյալ մասնագետ գտնենք, բայց ոչ մի որակյալ մասնագետ չի գա ցածր աշխատավարձով աշխատի: Հիմնականում բարձրակարգ մասնագետներին ամսական վարձատրում են 30-50 հազար դրամով: Դրանից բարձր աշխատավարձ չեն տալիս: Բոլոր խանութների գործակատարներն ու բանվորները նվազագույն` 30 000 դրամով են աշխատում: Գործատուներն էլ հիմնականում սպասարկման ոլորտի համար երիտասարդ աղջիկներ են պահանջում: Այդ աղջիկները ճարահատյալ են 30000 դրամով աշխատում, որովհետեւ այլ աշխատանք չկա»,-ավելացրեց Մարտին Ապրեսյանը: Բերդում այս տարի ստեղծել են «աշխատանքի ակումբ», որտեղ կարող է ընդգրկվել ցանկացած մարդ` լինի աշխատող, թե գործազուրկ: Ակումբի ստեղծման նպատակը, ըստ զբաղվածության կենտրոնի տնօրենի, այն է, որ մարդիկ իրար մեջ աշխատանք գտնեն, իրար խորհուրդներ տան եւ ուղղորդեն: Բացի դա, եթե մարդը կորցնում է իր աշխատանքը, բավականին մեծ սթրես է ապրում, եւ ակումբում նման քաղաքացիների համար անցկացնում են հոգեբանական դասընթացներ, որպեսզի հասարակության մեջ իրենց ավելորդ չզգան: Նման դասընթացներին հրավիրվում են նաեւ գործատուներ, իսկ աշխատաք փնտրողներին սովորեցնում են նաեւ, թե ինչպես դիմեն գործատուներին եւ ինչ քայլեր ձեռնարկեն աշխատանք գտնելու համար: «Մեր կազմակերպությունն աշխատանքի տեղավորման գործակալություն չի, պարզապես մենք միջնորդ ենք գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ: Մարդկանց խորհուրդ ենք տալիս անընդհատ դիմեն գործատուներին եւ չհիասթափվեն, որ աշխատանք չեն կարողանում գտնել»,- ասաց Մ. Ապրեսյանը: Նրա ասելով` Բերդի տարածաշրջանում աղջիկներն ավելի շուտ են աշխատանք գտնում, քան տղամարդիկ, քանի որ աղջիկները խանութներում, գեղեցկության սրահներում կարողանում են տեղավորվել: Մ. Ապրեսյանի եզրակացությամբ, Բերդի տղամարդիկ մի քիչ հպարտ են եւ նախընտրում են բարձր աշխատավարձ: «Տղաները մեզ չեն էլ դիմում, դա իրենց մոտ հոգեբանական բարդույթ է: Նման մարդիկ ավելի շատ մտածում են արտագնա աշխատանքի մասին: Այսօր մենք վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպում եւ ոչ մի տղա այդ դասընթացներին չի մասնակցում: Իրենց համար նպատակահարմար է բիզնեսով զբաղվելն ու արտագնա աշխատանքի մեկնելը, քանի որ ցածր աշխատավարձն իրենց չի բավարարում»,-նշեց զբաղվածության կենտրոնի տնօրենը:
Մեր այցելության պահին հրուշակագործություն մասնագիտության համար վերապատրաստման դասընթացներ էին կազմակերպվում: Գործատուի հետ պայմանավորվածություն կա, որ 6 վերապատրաստվող աղջիկներից 3-ին պետք է ընդունեն աշխատանքի: Արեւ Բադալյանը վերապատրաստման դասընթացների է գալիս Տավուշ գյուղից եւ հույս ունի, որ դրանից հետո աշխատանք կգտնի: «Գյուղում հրուշակեղենի արտադրամաս չկա եւ աշխատանք գտնելու միակ հույսս Բերդ քաղաքն է: Եթե աշխատանք էլ չգտնեմ, միգուցե ունենամ պատվերներ ու տանն աշխատեմ: Սա պիտանի մասնագիտություն է, եթե աշխատանք էլ չգտնեմ, գոնե ընտանիքում իմացածս կօգտագործեմ»,-ասաց Արեւը: Վերապատրաստման դասընթացներին մեծ հույսերով մասնակցում էր նաեւ Լիլիթ Փարսյանը: «Այս դասընթացներն ընտրեցի, որովհետեւ ինձ համար հաճելի էր խմորեղենի հետ աշխատելը: Հույս ունեմ, որ հենց այս արտադրամասում էլ կաշխատեմ»,-ասաց Լիլիթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել