HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համակարգիչ բոլորի համա՞ր», թե՞ թալան

05-12_notebook«Հետքի» ընթերցողն անդրադարձել է ծրագրին Հարգելի ՀԵՏՔ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ փաստի վրա. Ինչպես կարծում եմ գիտեք՝ իրականացվում է «համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի առաջին փուլի վերաբերյալ «կազմակերպիչների» հաշվետվությունը: Հաշվետվության ամպագոռգոռ շեշտերի մեջ ոչ ոք չի նկատում (կամ չեն ուզում նկատել), որ` 1.    համակարգիչները վաճառվում են շուկայականից 50000-100000 դրամ ավել գնով: Ոչ մի ԼՈՒՐՋ հիմնավորում չկա, որ դրանք պետք է լինեն հենց HP կամ այլ հայտնի ապրանքանիշի համակարգիչներ, և որի համար մեր աղքատ քաղաքացին պետք է գերավճարի 100000 դրամ: Հե՞շտ ենք մենք աշխատում այդ 100000 դրամը: Եթե կազմակերպիչները մտածել են դրա մասին, ապա միանշանակ ոչ ի օգուտ Հայաստանի քաղաքացիների: 2.    Ծրագրով առաջարկվող ամենամատչելի (և ըստ այդմ՝ ամենաշատ վաճառված) ստացիոնար համակարգչային համալիրը (HP COMPAQ DX2420 MICROTOWER + 19” HP մոնիտոր) քաղաքացիների վրա նստում է մոտ 336000 դրամ: Հավատացնում եմ, որ 230000-240000 դրամի սահմաններում կարելի է ձեռք բերել նույն պարամետրերով և կոմպլեկտացիայի տեխնիկական բարձր բնութագրիչներով (կարդացեք` որակյալ) համակարգիչ: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հիմնավորմամբ ենք մենք 100000 դրամ ավել վճարում մի ընկերության, որի շրջանառությունը Հայաստանի բյուջեի հետ համեմատելի է: Մենք որոշել ենք ազգովի մի քիչ աղքատանալ, որպեսզի օգնենք «սոված» օտարերկրացո՞ւն: Արդեն վաճառվել է 1300 համակարգիչ, այսինքն՝ միջինացված հաշվարկով, մենք ազգովի զոհաբերել ենք մեր աղքատիկ գրպաններից մոտ 100.000.000 դրամ: Ու այս գործընթացը դեռ շարունակվելու է…. Սպառողների շահերի պաշտպանության միություններն այստեղ գործ ունեն անելու: 3.    Համակարգիչը գնելու համար քաղաքացին «ԱԿԲԱ» բանկից ստանում է սպառողական վարկ: Հապա տեսեք, թե ինչպիսի տաքուկ պայմաններ են ստեղծել կազմակերպիչները այս թալանը կազմակերպելու (ու թաքցնելու) համար` 0 տոկոս կանխավճար, 24 ամսվա մարման ժամկետ և որ ամենակարեւորը՝ մինիմալ թղթաբանություն, որի մեջ ընդամենը մտնում է 1 երաշխավորագիր, անձնագիր ու աշխատավարձի տեղեկանք (ընդ որում՝ 50-60 հազար դրամը լրիվ բավարարում է): Հիմա ասեք, թե Հայաստանում գործող ո՞ր կոմերցիոն բանկից կարելի է այսքան հեշտ ստանալ սպառողական վարկ: Ոչ մի: Կարող եք հետազոտել ու պարզել (հիշեցնեմ, որ համարյա բացակայում է ապառիկ վաճառքը, եթե նույնիսկ կա էլ, համենայն դեպս, ոչ այսպիսի ոսկյա պայմաններով): Կազմակերպիչները մտածե՞լ են այսպիսի անհավասար պայմանների հետևանքների մասին: Ոչ: Ընդամենը մեկ ամսում իրացվել է 1300 համակարգիչ, երբ Հայաստանի համակարգիչների մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները միասին մեկ ամսում այդքան չեն վաճառում: Պետք է իրազեկել մեր Տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին, գուցե որոշ հանցանշաններ գտնեն: 4.    Հատուկ կհետաքրքրի հարկային տեսչությանը: Ստուգել ենք և պարզել, որ վաճառված ապրանքների համար դրամարկղային կտրոն չի տպվում, այսինքն` մոտավոր հաշվարկով 50.000.000 դրամ ԱԱՀ արդեն չի մուծվել պետբյուջե: Երևի ինչ-որ մեկին պետք չի եղել դրանք օրինականորեն ցույց տալ: Սակայն կասկածում եմ, թե մեր հարկային տեսչության աշխատողները այդքան դուխ ու թասիբ կունենան գոնե թզաչափ այս ծրագրին մոտենալու: 5.    Բայց ամենահետաքրքիրը լսում ենք հաշվետվության մեջ: Ասվում է՝ քանի դեռ կառավարությունը իր կողմից չի սուբսիդավորել ծրագիրը, վաճառվող համակարգիչների գները չեն իջնի: Այսինքն՝ ասված երանգներից կարող ենք ենթադրել, որ, ի վերջո, առաջիկայում կառավարությունը, ամենայն հավանականությամբ, լրիվ կամ մասնակի կֆինանսավորի սեփական ժողովրդի ու սեփական փոքր ու միջին բիզնեսի թալանը: Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, որ այսպիսի կառավարություն ունի: Կորյուն Շեկոյան Վանաձոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter