
Այսօր ամփոփվեցին «Հավասար հնարավորություններ» խորագիրը կրող հաշմանդամության թեմայով լավագույն հոդվածների ամենամյա «Արևածաղիկ» մրցույթի արդյունքները: Այս տարի մրցույթին ներկայացվել էր 21 տպագիր, 2 ռադիո և 10 հեռուստատեսային նյութ:
Տպագիր նյութերի հեղինակներից առաջին տեղը զբաղեցրեց «Զրուցակից Հայաստանի» թերթի թղթակից Լիլիթ Հովհաննիսյանը իր «Ես քեզ նման մարդ եմ» հոդվածի համար:
Լավագույն ռադիոնյութը Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Անահիտ Ավագյանինն էր: Հեռուստանյութերից լավագույնը ճանաչվեց «Երկիր մեդիայի» լրագրող Լուսինե Ղարիբյանի նյութը:
Հատուկ մրցանակի արժանացավ Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Արտակ Վարդանյանն իր «100-ն ահաբեկվեցին, 101-րդը` ոչ» տեսանյութի համար:
Իսկ «Արևածաղիկ» մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը` «Սովորական ֆաշիզմ» հոդվածի համար:
Հարկ է նշել, որ «Հետքի» լրագրող Արմեն Դավթյանն իր «Ռումբը Մերիին զրկեց ձեռքերից, ու սկսվեց նրա պայքարը պատերազմի դեմ» հոդվածի համար արժանացավ երկորդ մրցանակի (Մերիի մասին նյութն ու ֆոտոռեպորտաժը դիտեք
այստեղ):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շնորհակալագիր հանձնվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` հաշմանդամության հիմնախնդիրը պարբերաբար լուսաբանելու համար:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ պետությունը բավական գումարներ է տրամադրում հաշմանդամ մարդկանց կրթության համար, և լրագրողները պետք է հետամուտ լինեն, թե այդ գումարներն ինչպես են ծախսվում, արդյո՞ք իրենց նպատակին ծառայում են:
Մրցույթի ժյուրիի նախագահ Սուսաննա Թադևոսյանն էլ ասաց, որ այս տարի մրցույթին բավականին լավ նյութեր են ներկայացված եղել, և լավագույններին ընտրելը բավական բարդ է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել