Փոխըմբռնման հուշագիր` թրաֆիկինգի դեմ պայքարում համագործակցության մասին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը նախ շնորհավորեց հյուրերին Էմիրությունների անկախության օրվա կապակցությամբ եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, եւ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել եւ խորացնել առկա հարաբերությունները: ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության, շինարարության, ոսկերչության և այլ բնագավառներում էմիրությունների ներդրողներին:
ԱՄԷ պետնախարարը Էմիրությունների աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել