HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Բերդը` իր գործող եւ չգործող կուսակցություններով

Բերդ քաղաքում քաղաքականությունը գրեթե բացակայում է: Հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղյան հիմնահարց, ընդդիմություն-իշխանություն հակամարտություն. այս ամենն անցնում է շամշադինցիների կողքով եւ նրանց առանձնապես չի հուզում: Մարդկանց մեծամասնությունը զբաղված է առօրյա հոգսերով, օրվա հացը հայթայթելով, իսկ քաղաքական կուսակցությունների տեղական գրասենյակներում ապաքաղաքական մթնոլորտ է տիրում:

Բերդի բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ ընդդիմադիր կուսակցությունները գրասենյակներ չունեն քաղաքում, իսկ «Օրինաց երկրի» ադնամները հիմնականում ավտոկայանում են հավաքվում: «Տրանսպորտի նախարարը որ ՕԵԿ-ից ա, ավտոկայանի աշխատողներն էլ են իրանց մարդիկ»,- ասում են շամշադինցիները:

07_12-berd-2

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բավականին ընդարձակ տարածք է զբաղեցնում Բերդում, սակայն մեր այցելության օրերին (կիրակի եւ երկուշաբթի) այն փակ էր: Հարեւանությամբ գտնվող կրպակի վաճառողն ասաց, թե դաշնակցականներն ամեն օր չեն աշխատում. «Երբ ուզում գալիս են»:

07_12-berd-3

Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Երկրապահների գրասենյակը տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող ամայի շենքում: Շենքի բոլոր դռները բաց էին, սակայն ոչ կուսակցականներ կային, ոչ էլ` գույք: Միայն գրությունն ու կուսակցական դրոշն էր հուշում ՀՀԿ-ի գոյության մասին: Կուսակցության շենքում մի ընդարձակ սենյակ կար` «Վետերանների խաղասենյակ» գրությամբ: Սա եւս դատարկ էր: Հանրապետականի չգործող գրասենյակից ոչ հեռու գտնվում էր ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստանի» տարածքային գրասենյակը:

«Պատսպարվելով Ծառուկյանի մոտ` ես այս տարածաշրջանը նրա հովանու տակ գցելու հույս եմ փայփայել»

07_12-berd-4

Բերդ քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավար Նինա Ադամյանի հետ հարցազրույցը եւս ամբողջությամբ քաղաքական չէր, քանի որ նա զրույցի մեծ մասը նվիրեց Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքները ներկայացնելուն: «2006 թվականին, երբ ստեղծվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այստեղ հիմնեցին տարածքային գրասենյակ, ես էլ այդ օրից ղեկավարն եմ: Ես գիտեի պարոն Ծառուկյանի վարքագծի, նրա ամեն ինչի մասին եւ սատարեցի նրան: Ես շատ-շատ նվիրված եմ այդ կուսակցությանը, համատեղում եմ իմ աշխատանքը կուսակցական գործունեության հետ, բայց նույնիսկ պատրաստ եմ թողնել այն կուսակցության համար, եթե անհրաժեշտ լինի: Սա Ծառուկյանի կերպարով է պայմանավորված, նա շատ արտակարգ անձնավորություն է եւ իր շուրջն էլ հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք շատ բանիմաց, խելացի ու կազմակերպված են, ամեն ինչը տեղը տեղին, չափի մեջ է»: 07_12-n_adamyan

Նինա Ադամյանը կուսակցական գործունեության միջոցով փորձում է օգտակար լինել Շամշադինի համայնքների բնակիչներին:

«Ես հույսս կապել եմ պարոն Ծառուկյանի հետ` որպես լավ մարդու եւ որպես կուսակցության լիդերի: Ոնց որ երեխային ծեծեն, գնա ծնողի մոտ` պատսպարվելու, ես ուժեղ անձնավորություն եմ, բայց պիտի վազեի պատսպարվելու մի մեծ լիդերի, մի մեծ կուսակցության ետեւում, եւ պատսպարվելով նրանց մոտ` ես այս տարածաշրջանը նրա հովանու տակ գցելու հույս եմ փայփայել,- խոստովանում է տիկին Ադամյանը,- երբ հեռուստաընկերությամբ ռեկլամում են, որ պարոն Ծառուկյանը այսքան բան է արել, բոլորը հիանում են, եւ անկախ ամեն ինչից` մարդիկ նրա շուրջն են հավաքվում: Նա արդեն հասել է սահմանամերձ այն գյուղերին, որոնք նրա կարիքը զգում են: Հիմա կասեն` Ծառուկյանը ունի, անում է: Ոչ: Ոչ մեկը ավելորդ գումար չի ունենում, ինչի ուրիշները չունե՞ն, շատերն ունեն, բայց Ծառուկյանը երբեք չի տեսնի, որ սոված մարդ իր կողքը կանգնի, նրան ձեռք կմեկնի: Այդ մարդու մոտ պետք է բոլորս հավաքվենք»:

Նինա Ադամյանը մանրամասն ներկայացրեց, թե Գագիկ Ծառուկյանն ինչ օգնություն է տրամադրել սահմաներձ համայնքներին:

«Դուք հեռուստատեսությամբ երեւի տեսնում եք, թե ինչքան մարդ է իր ետեւից գնում, նույնն էլ այստեղ է: Չէ՞ որ մարդիկ նստած նայում են, որ Վանուշ Խանամիրյանին 10 հազ. դոլար տվեց, որ նա միայն իր ծերությունն անցկացնի, ո՞ր մեկը 1000 դոլար կամ 100 դրամ տվեց, ասեց` էս մարդը Հայաստանի մշակույթն է զարգացրել: Որքան գեղեցիկ է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն է օգնում մեր մարզիկներին, ճիշտ է` կարող է ինքը նյութապես մի քիչ ընկճվի, բայց ուրախանում է, որ կարողանում է օգտակար լինել բոլորին»: Ծառուկյանին իր գոհունակությունը հայտնելուց հետո տիկին Ադամյանն անդրադարձավ նաեւ քաղաքական հարցերին: «Ես դեմ եմ այդքան շատ կուսակցություններին Հայաստանում, որովհետեւ ոչ մեկը հային հայեցի պահպանելու միտում չունի: Հազվագյուտ կուսակցություններ ունեն, բոլորը աթոռակռիվ են անում: Մենք Ադրբեջանի հետ պրոբլեմ ենք ունեցել, Ղարաբաղի համար արյուն ենք թափում, իսկ հիմա ո՞ւմ համար, ինչի՞ համար կռվենք»,- հարցնում է պատերազմին մասնակցած կինը: Նրա խոսքով` մյուս կուսակցություններն օգտագործում են վարչական լծակները` ընտրություններին ձայներ ապահովելու համար:

«Յուրաքանչյուր ընտրությունից հետո խառնվում են, կռվում են, աշխատանքային լծակները օգտագործելով` բոլորին ստիպում են, որ քվեարկեն, իսկ էն ավելը ձեռքին փողոց մաքրողն էլ վախենում է, որ աշխատանքից կզրկվի: Մենք նման բաներ չենք անում, չենք կաշառում ժողովրդին, չենք տալիս 2 կոպեկ` ասենք էսօր կուտես, վաղը սոված կնստես, մենք ուզում ենք երկիր կառուցել, պետականությունը պահպանել, մենք աթոռակռիվ չենք անում: Քաղաքականությունը մաքրություն է սիրում, հակառակն են ասում, բայց ես դեմ եմ, հակառակ պատկերը ներկայացնելով` իրենց են ներկայացնում»,- ասում է կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Բերդ քաղաքում «Բարգավաճ Հայաստանը» քննարկում է կազմակերպել. տեղի կուսակցականները հավանության են արժանացրել Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը:

«Մենք պաշտպանում ենք պարոն Ծառուկյանի թեզը, կարելի է հայ-թուրքական սահմանը բացել առանց նախապայմանների: Ես չեմ կարող ուրիշի խոսքը կրկնել, ես արձանագրություններում նախապայմաններ չեմ տեսել: Սահմանը պետք է բացել, բայց բացելու համար մենք կաշառք չենք տալիս, այն էլ ինչպիսի~ կաշառք. երբեք: Մեր կուսակցությունը նման քայլ չի կատարի»,- վստահեցնում է Նինա Ադամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter