HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզերում նեղ մասնագիտացմամբ բժիշկների խիստ կարիք կա

Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկների մոտ 20 տոկոսը կենսաթոշակային տարիքի են: Նրանց մի մասն էլ արդեն հաշմանդամ է դարձել, սակայն մասնագետներ չկան, որ նրանց փոխարինեն: Բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բուժհաստատությունում հիմնական աշխատող անեսթեզիոլոգ չունեն:

«Անեսթեզիոլոգը դրսից է գալիս, մեկ ամիս մի մասնագետ է գալիս, մյուս ամիսը` մեկ ուրիշը: Մեր անեսթեզիոլոգի նկատմամբ 2 տարի առաջ քրեական գործ հարուցվեց, եւ այժմ նա ազատազրկման մեջ է: Ռենտգենոլոգ, հոգեբույժ, թոքաբան նույնպես չունենք: Ընդհանուր մասնագետների կարիք ունենք: Այդ մասնագետների ցանկը արդեն 20 տարի է ներկայացնում ենք Առողջապահության նախարարությանը, բայց նեղ մասնագետները մարզեր չեն գալիս: Միայն իմ մոտ չի այդպես: Բոլոր մարզերում էլ մասնագետների կարիք կա: Մասնագետներ չունենալն այսօր դժվարացնում է բուժական աշխատանքների կազմակերպումը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Բերդ քաղաքի բժշկական կենտրոնում մասնագետների պակասը լրացվում է բժիշկների համատեղությամբ: Նյարդաբանը համատեղում է նաեւ հոգեբույժի աշխատանքները, իսկ տեղամասային թերապեւտը` թոքաբանի: «Սովորական բժիշկը ստանում է 45-50 հազար դրամ, անեսթեզիոլոգին տալիս ենք 250000 դրամ աշխատավարձ, բայց էլի մարզ չեն գալիս»,- ավելացրեց տնօրենը: Սահմանամերձ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնում ոչ միայն մասնագետների պակաս է զգացվում, այլեւ բժշկական սարքավորումները «թարմացման» կարիք ունեն: Թեեւ հիվանդանոցն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները, սակայն դրանք ժամանակակից չեն եւ նույնիսկ շատ են հնացած: Բժշկական կենտրոնը նաեւ վերանորոգման խիստ կարիք ունի: Պատերի գաջը թափված է եւ ճաքճքված: Վերանորոգման նախահաշիվն արդեն կազմված է եւ գտնվում է Կառավարությունում: Արամ Հարությունյանի ասելով` ճգնաժամի պատճառով հիմնանորոգումն այս տարի հետաձգվեց, սակայն մինչ օրս տնօրենը չգիտի` 2010 թվականի պետբյուջեով Բերդի բժշկական կենտրոնի վերանորոգումը նախատեսվա՞ծ է, թե ոչ: Ըստ նախահաշի` վերանորոգումը կարժենա 430 մլն դրամ:

07_12-a_harutyunyan

Անդրադառնալով հիվանդություններին` Ա. Հարությունյանը նշեց, որ Բերդի տարածաշրջանում առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք վերջին տարիներին երիտասարդացել են եւ արդեն հանդիպում են 40-50 տարեկանների մոտ: Կանանց մոտ էլ գերակշռում են ուռուցքները: «Մեկ բառով կարող եմ ասել` հիվանդությունների ավելացում եւ տարիքային երիտասարդացում է նկատվում: Բնակչությունն այսօր ի վիճակի չէ վճարել բուժման համար: Կոնկրետ մեզ մոտ 90 տոկոսը պետպատվերով է բուժում ստանում: Դիմում են այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում»,- նշեց Արամ Հարությունյանը: Բժշկական կենտրոնի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչն է ստիպում քիչ թե շատ վճարունակ հիվանդներին դիմել Երեւանի հիվանդանոցներ: «Արդյո՞ք մարզային բժիշկների նկատմամբ վստահության պակասն է պատճառը»,- հարցրինք նրան: «Չէի ասի, որ Երեւանի հիվանդանոցներ դիմելու պատճառը մարզային հիվանդանոցների ու բժիշկների նկատմամբ վստահության պակասն է: Պարզապես Երեւանում ծանոթներ, բարեկամներ ունեն, գնում են այնտեղ»,- պատասխանեց Ա. Հարությունյանը: Նշենք, որ գրեթե բոլոր մարզային հիվանդանոցներում բացակայում են գնացուցակները, թե այս կամ այն հիվանդության դեպքում հիվանդն ինչքան պետք է վճարի հիվանդանոցին: Այս հարցում Բերդի բժշկական կենտրոնը բացառություն չէր: Ընդունարանի պատին փակցված էր միայն անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեցողների ցանկը, իսկ վճարումների մասին ոչինչ չկար: «Գնացուցակը գտնվում է եւ ռեգիստրում եւ կասսայում: Փակցնելու ի՞նչ անհրաժեշտություն կա, ինչի՞ փակցնեմ: Յուրաքանչյուր բաժանմունքում առանձին կա փակցված: Բժիշկների մոտ կան բոլոր ծառայությունների գները»,- ասաց Ա. Հարությունյանը: Եղանք նաեւ բաժանմունքներում եւ այդպես էլ ոչ մի տեղ չտեսանք, որ սպասարկման գները փակցված լինեին: Վճարների մասին տեղեկություններ հրապարակելուց հիվանդանոցների տնօրենները ամեն կերպ խուսափում են: Արմավիրի մարզում նույնպես նեղ մասնագետ բժիշկների կարիք է զգացվում: Ամբողջ մարզում չկա գեթ մեկ ուրոլոգ: Այդ պատճառով հիվանդները ստիպված հաճախում են Երեւանի հիվանդանոցներ:

07_12-l_muradyan

«Մենք ուրոլոգ մասնագետի կարիք ունենք: Ամեն անգամ Առողջապահության նախարարությանը հայտ ենք տվել, որ կարիք ունենք ուրոլոգի: Այս անգամ միջնորդագիր ենք գրել, որ երիտասարդ բժիշկը հետդիպլոմային կրթություն ստանալու համար պետպատվերի շրջանակներում վերապատրաստվի որպես ուրոլոգ, պայմանագիր կկնքենք նրա հետ, որ ավարտելուց հետո աշխատի մարզում»,- ասաց Արմավիրի մարզպետարանի առողջապահության հարցերով մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը:

Լ. Մուրադյանը նույնպես համաձայն չէր, որ մարզի բուժհաստատությունների նկատմամբ բնակչության շրջանում անվստահություն կա: Նրա խոսքերով` պարզապես յուրաքանչյուրը գերագնահատում է իր առողջական վիճակը ինչպես հետազոտման, այնպես էլ բուժման առումով, այդ պատճառով էլ գնում են Երեւան: «Հետո, մեր հոգեկերտվածքի մեջ այսպիսի մի բան կա` եթե մեկը Երեւանում մի ծանոթ բժիշկ է ունենում, իր շրջապատին փորձում է տանել նրա մոտ: Ովքեր էլ վճարունակ են, չեն ցանկանում օգտվել մարզում վճարովի ծառայություններից»,- նշեց մարզպետի տեղակալը:

Նշենք, որ Արմավիրի մարզում առողջապահությունն իրականացվում է 50 գյուղական ամբուլատորիաների, 43 ֆելդշերամանկաբարձական կետերի եւ 8 մարզային ենթակայության բուժհիմնարկների միջոցով: Համաշխարհային բանկի եւ մի շարք այլ ծրագրերի միջոցներով 50 ամբուլատորիաներից 40-ը վերանորոգվել են: Լ. Մուրադյանի ասելով` 2010-ին մարզում չեն ունենա գոնե մեկ ֆելդշերամանկաբարձական կետ, որը վերանորոգված չլինի:

«Մեր խնդիրը միայն Էջմիածնի ծննդատան հետ է կապված, որտեղ եւ պայմաններն են վատ եւ սարքավորումներ չունեն: Մտածում ենք 2010-ին այս ծննդատան հարցը ներառել որեւէ ծրագրի մեջ: Ծնունդներն էլ այդքան շատ չեն այնտեղ: Պայմաններն են նպաստում, որ Էջմիածնի ծննդատանը ծնունդներ քիչ գրանցվեն: Քանի որ այժմ հղիներին տրվում է անվճար ծննդաբերության հավաստագիր, նրանք են ընտրում իրենց հիվանդանոցը: Պարզ է, որ յուրաքանչյուրն էլ կուզենա լավ պայմաններում լույս աշխարհ բերել իր երեխային: Այս առումով Էջմիածնի ծննդատունը կրկնակի է տուժում»,- ավելացրեց Լարիսա Մուրադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter