HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ոչ ոք ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից»,-համոզված է ՄԻԱՎ վարակակիրը

07_12-neli30-ամյա Նելլին մեկ տարի առաջ իմացել է, որ ՄԻԱՎ վարակակիր է: Այն ձեռք է բերել ամուսնուց: Վերջինս էլ արտերկրում` սեռական ճանապարհով: Նելլին ամուսնացել է չորս տարի առաջ: «Ես ծանոթ էի նրա մորաքրոջը, գնացել էի նրանց տուն, տեսանք եւ միանգամից սիրահարվեցինք: Շատ երջանիկ էինք, սակայն 4 ամիս առաջ ամուսինս մահացավ ուղեղի ուռուցքից»: Ամուսնու ՄԻԱՎ դրական կարգավիճակը հայտնաբերվեց, երբ նա տուբերկուլյոզով հիվանդ էր եւ տարբեր հետազոտություններ էր անցնում: «Ամուսինս ասաց, որ դա անհնար է եւ չհավատաց: Մի օր էլ աշխատատեղում էի, զանգեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից եւ ասացին, որ գնամ հետազոտվելու: Բարկացա. ի՞նչ ՁԻԱՀ, ի՞նչ բան: Ամուսնուս շատ մեղադրեցի: Նա էլ էր իրեն մեղավոր զգում եւ միշտ ասում էր` ինչ լինում է, թող ինձ լինի, ոչ թե ձեզ: Բարեբախտաբար, իմ մոտ վարակը շուտ է հայտնաբերվել, քան ամուսնուս մոտ եւ չէր հասցրել զարգանալ»: Նելլին երեքուկես տարեկան երեխա ունի, ամենից շատ վախենում է, որ կմահանա եւ չի հասցնի երեխային մեծացնել: «Ես մենակ էի գնացել իմ եւ երեխայի հետազոտության արդյունքները վերցնելու: Երբ իմացա, որ երեխաս առողջ է, պարում էի: Դա, ասես, Աստծո հրաշքն է: Ամուսինս լացեց, երբ իմացավ, որ երեխան առողջ է»,- պատմում է Նելլին: Նա ծննդաբերել էր կեսարյան հատումով եւ հետագայում կերակրել երեխային արհեստական կաթնախառնուրդով: Նելլիի հիվանդության մասին հարազատներից ոչ ոք չգիտի: Ծնողներին չի ասել, որ ցավ չպատճառի, դեռեւս չգիտի` կասի՞ երեխային, թե ոչ: Նելլին իր ամուսնուն ներել է, ասում է, որ նա չգիտեր իր հիվանդության մասին եւ միշտ իրեն մեղավոր է զգացել: «Շատ հոգատար ամուսին եւ հայր էր, երեխան շատ է զգում հոր կարիքը եւ միշտ հարցնում է` մամ, պապան երկնքում է, չէ՞, Հիսուս պապիկի մոտ, ե՞րբ ենք գնալու իր մոտ: Ես էլ ասում եմ` սպասիր, պապան գնացել է հերիք չէ, հիմա էլ մենք գնա՞նք»,- ասում է Նելլին: Նա արդեն տեւական ժամանակ հակառետրովիրուսային բուժում է ընդունում. «Ես ինձ շատ լավ եմ զգում: Ամեն անգամ դեղերս խմելիս երեխաս ասում է` մամ, էլի ստամոքսդ ցավու՞մ է»: Նելլին ասում է, որ այս հիվանդության պարագայում կարեւոր է, որ մարդ ուժեղ լինի, խուճապի չմատնվի եւ միայնակ չտանի հիվանդությունը: «Շատ կարեւոր է նաեւ, որ շրջապատի նկատմամբ ատելությամբ չլցվես: Չնայած շատ դժվար է, ես էլ երբ վերցրի հետազոտությանս արդյունքները, հարցրի` ինչու՞ ես»,- ասում է Նելլին: Նա այդ խնդրով զբաղվող մի հասարակական կազմակերպության անդամ է, ասում է, որ այդ կազմակերպությունն իրեն շատ է օգնում, այդտեղ այցելելով` մոռանում է հիվանդության մասին: «Եթե այնպես լիներ, որ անպայման մի հիվանդություն պետք է ունենայի, ապա ես կնախընտրեի ՄԻԱՎ-ը, քան շաքարային դիաբետն ու քաղցկեղը: Մինչ վարակվելը, ես կարդացել էի այդ հիվանդության մասին եւ զարմանում էի այդ հիվանդությամբ ապրողների վրա, ասում էի` հիմար են, ինչու՞ չեն պաշտպանվել, բոլորի պես մտածում էի, որ դա ինձ հետ չի լինի, բայց հետո հասկացա, որ ոչ ոք ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից: Մի դատիր, որ չդատվես. այսպես պետք է մոտենա առողջ մարդը ՄԻԱՎ-ով ապրողին»,- ասում է Նելլին: 35-ամյա Արմինեն 6 տարի ՄԻԱՎ վարակակիր է: Վարակը ձեռք է բերել ամուսնուց, իսկ վերջինս էլ` արտերկրում, ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործելով: «Ես գիտեի, որ ինքը թմրամիջոցներ է օգտագործում, դա էլ է հիվանդություն, ամեն անգամ ասում էր, որ էլ չի օգտագործի: Բայց երբ իմացավ իր հիվանդ լինելու մասին, իրեն շատ մեղավոր էր համարում, ասում էր, որ եթե իմանար թմրամիջոցներ օգտագործելն իր կնոջն ինչ-որ հիվանդությամբ վարակելու պատճառ կդառնա, չէր օգտագործի»,- պատմում է Արմինեն: Նա, իր խոսքերով, մեծ ողբերգություն չի ապրել, երբ իմացել է իր հիվանդության մասին: Մտածել է, որ եթե ամուսնու մոտ հայտնաբերվել է, ապա իր մոտ էլ կլինի, միայն մտատանջվում էր, թե երեխային երբ պիտի ասի: «Երկար ժամանակ մտածում էի` երեխային ինչպես ասել, եկա «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպություն, սկզբում որպես կամավոր, ապա` աշխատող: Աշխատում եմ որպես հավասարը հավասարին մեթոդով խորհրդատու, որի ընթացքում, օգնելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, օգնում եմ նաեւ ինձ: Իմ անձնական օրինակը խորհրդատվության ընթացքում ՄԻԱՎ-ով ապրող մարդուն ավելի է խթանում հասկանալու բուժման արդյունավետությունը: Կազմակերպության շրջանակներում վարում եմ նաեւ փոխօգնության խմբեր: Միշտ երեխայիս հետ այդ թեմայով զրուցում էի, նյութեր էի տալիս, որ կարդա, պատմում էի ՄԻԱՎ-ով ապրողների մասին, մի օր էլ ասացի իմ եւ ամուսնուս ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին: Այդ պահին հոգուցս մի քար ընկավ»,- հիշում է Արմինեն: Նա կուզենար, որ հասարակությունը խտրական վերաբերմունք չունենար իր նման հիվանդների նկատմամբ, առանց վախենալու շփվեր նրանց հետ: Նա էլ է հարազատներից թաքցնում իր հիվանդությունը: Այսօր Արմինեն իրեն լավ է զգում, իմունային համակարգի բջիջները հակառետրովիրուսային բուժման շնորհիվ շատ բարձր են: «Ես այնքան եմ մոռացել իմ հիվանդության մասին, որ նույնիսկ կասկածում եմ` հիվա՞նդ եմ, թե ոչ»,- ասում է Արմինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter