HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը մեղադրվում է կաշառակերության մեջ

Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Գայանե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` կրկին կաշառք ստանալու համար: Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված հերթական դատական նիստը հետաձգվեց:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի առանձնասենյակում մոտ 20 րոպե զրուցելուց հետո մեղադրյալը դատարանից հեռացավ: Աղվան Պետրոսյանի պարզաբանմամբ` դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրյալը պատրաստվում է փոխել դատապաշտպանին: Մեղադրյալի շահերը նախաքննության փուլում ներկայացրել է փաստաբան Լուսինե Ավագյանը, իսկ դատաքննությունը ամբաստանյալը չի ցանկանում շարունակել նրա հետ: Գայանե Սարգսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` նշելով, թե չի ցանկանում, որ իր գործին միջամտեն լրատվամիջոցները: Գործում իբրեւ վկա ներգրավված է Գավառի պոլիկլինիկայի ընտանեկան բուժքույր Անժելա Բադոյանը: Նա ասում է, որ գլխավոր բժիշկ Գայանե Սարգսյանը պոլիկլինիկայի բոլոր աշխատակիցներից գումար է վերցրել, իսկ ով փորձել է ընդդիմանալ, սպառնացել է աշխատավարձը կրճատել կամ աշխատանքից ազատել:

«Այս կանոններին ես ու մեկ ուրիշ բուժքույր չէինք ենթարկվում: Այդ պատճառով էլ մեզ միշտ անհանգստացնում էր` պահանջելով, որ եթե հազար դոլար չտաս, աշխատավարձդ կիջեցնեմ նվազագույնի եւ կազատեմ աշխատանքից»,- ասում է ընտանեկան բուժքույրը: Անժելա Բադոյանի ասելով` մինչեւ մարտ ամիսը 50 հազար դրամ է ստացել, սակայն գլխավոր բժիշկն այդ գումարը գանձել է` ասելով, թե ավել աշխատավարձ է տրվել` այդպիսով Բադոյանի աշխատավարձը հասցնելով նվազագույնի:

«Հաջորդ քայլն ինձ աշխատանքից ազատելն էր: Բազմիցս իրեն ու ամուսնուն զգուշացրի, որ իր անօրինական գործունեության վերաբերյալ շատ տեղեկություններ ունեմ, խնդրեցի ինձ չանհանգստացնեն, բայց, միեւնույն է, նա չէր վախենում: 30 բուժքույրերի ներկայությամբ ինձ ասաց` ուր ուզում ես գնա բողոքիր, ես վախենալու բան չունեմ»,- պատմեց բուժքույր Անժելան: Ա. Բադոյանի ասելով` գլխավոր բժիշկ Գ. Սարգսյանը մարզպետարանում ինչ-որ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո նույնիսկ փորձել է իր եւ մեկ այլ բուժքրոջ աշխատանքային պայմանագիրը լուծել` պատճառաբանելով, որ իր ներկայացրած «աշխատավարձի դիմաց այդ երկու բուժքույրերը չեն ստորագրում»:

«Գայանե Սարգսյանը կազմակերպում էր ատեստացիաներ եւ աշխատողներից «մաղարիչ» ուզում «չկտրելու» համար: Տուբերկուլյոզի բուժքրոջ աշխատավարձի վերահաշվարկ կատարելով` նրա ստորագրությունը կեղծել է եւ այդ գումարն ինքն է վերցրել, եւ բազում նման դեպքեր»,- ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղղված իր նամակում նշել է Անժելա Բադոյանը:

Նա ասում է, որ գլխավոր բժշկի կատարած արարքների ընդամենը հինգ տոկոսն է հասել դատարան: Ոստիկանության կազմնակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) Գայանե Սարգսյանին ձերբակալել է:

«Նա որեւէ անգամ դատական նիստի չի մասնակցել, անհիմն պատճառներով ամեն անգամ նիստերը հետաձգվում են: Մի քանի անգամ փաստաթուղթ է ներկայացրել եւ հիվանդության պատճառով չի եկել դատարան: Այս ընթացքում, չգիտես ինչպես, հաշմանդամության 3-րդ կարգ է ստացել»,- Գավառ քաղաքի պոլիկլինիկայի նախկին գլխավոր բժիշկ Գ. Սարգսյանի մասին ասում է բուժքույրը: Վերջինիս պատմելով` մի քանի օր առաջ Գայանե Սարգսյանն այցելել է պոլիկլինիկա, նստել իր նախկին աշխասենյակում եւ հայտարարել, թե վերադառնում է աշխատանքի:

«Երկու օր առաջ նա ամուսնու հետ ինձ փորձում էր համոզել, որպեսզի հրաժարվեմ բողոքիցս: Տեսան չի ստացվում, սպառնացին` պահանջելով, որ լռեմ»,- պատմում է բուժքույր Բադոյանը:

Գ. Սարգսյանի` պոլիկլինիկա վեադառնալու մասին լուրերն այնքան հաստատակամ են շրջանառվում քաղաքում, որ բուժքույրը ցանկացել է այն ճշտել դատավորից, հատկապես, երբ դատական նիստերը շարունակաբար հետաձգվում են: Նրա ասելով` դատավոր Աղվան Պետրոսյանը ցրել է իր մտահոգությունը:

Պապին Մուրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter