Կանադական ընկերությունը ցանկանում է գնել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը
Կանադական «Caldera Resources Int.» ընկերությունը մեծ ցանկություն ունի գնելու Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:
«2009 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Caldera Resources Int.»-ին թույլատրել է մուտք ունենալ Լիճքվազ-Թեյի ոսկու ծրագիր, կատարել նմուշարկում: Այս որոշումից առաջ` այս ամսվա սկզբին, թույլատրություն էր տվել նաեւ Հայաստանի բնապահպանության նախարարությունը. այս ամենի նպատակն է, որ ներկայացվի Հայաստանում ոսկու եւ պղնձի կորզման համար լուծազատման տեխնոլոգիա, որի նպատակահարմարությունը կոմերցիոն տեսանկյունից ապացուցված կլինի»,- նշված է «Caldera Resources Int.»-ի կայքում: «Հետքը» անդրադարձել է այս խնդրին. «Սիփան-1»-ը զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիայից: Մենք նշել էինք, որ պաշտոնական տվյալներով` Լիճքվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տ է:
«Caldera Resources Int.» ընկերությունը նշում է, որ հաշվի առնելով ոսկու հանքավայրի հրակայուն լինելը` ցանկանում է վերոնշյալ ծրագիրն իրականացնել իր ռազմավարական գործընկերոջ` «BacTech Mining Corporation»-ի հետ: «BacTech Mining Corporation»-ը լուծազատման սեփական տեխնոլոգիաներն է տրամադրելու` ոսկու եւ ոչ ազնիվ մետաղների կորզման համար: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էին Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիաները: Այս գործարարը 2008 թվականին իրեն պատկանող «Լուլիար» եւ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ների միջոցով ստացել է մեկ տասնյակից ավելի ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Լիցենզիաները հատկացրել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Ս. Համբարձումյանը այժմ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների մի շեյխի հետ` այդ լիցենզիաները վաճառելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել