«Պառնաս» ծրագիրը, ինչպես Ֆեմիդան, պարզվում է, որ կույր է

Տիգրանյանների բազմանդամ ընտանիքի անդամները Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչներ են: Ութ անձ` մի տանիքի տակ: Աղքատիկ ապրուստ: Տիգրանյանների ընտանիքում 5 երեխա է մեծանում, բայց ինչպիսի պայմաններում, հայտնի է միայն իրենց: «Մենք հո չենք ապրում, մենք գոյատեւում ենք,- բողոքում է Արեգնազան Տիգրանյանը:
- Էս մեր կառավարությանը որ լսեմ, պիտի մի բան էլ հպարտ լինեմ, որ 5 երեխա եմ բերել, բայց հենց հերթը կհասնի օգնելուն, կըսեն` է չբերեիր էդքան, որ չպիտի կրնանայիր պահեիր: Հազիվ ծերը ծերին հասցնելով կապրինք, հիմի էլ նպաստն են կտրել»: Այս տարվա ապրիլից սկսած` Տիգրանյանները դուրս են մնացել աղքատության նպաստ համակարգից: «Որ նպաստն ուշացավ, գնացի Ախուրյան` սոց.ծառայություն, որ մեր տեսուչից իմանամ, թե նպաստ ինչի չկա,- պատմում է Արեգնազանը:- Գագոն էլ` մեր տեսուչը, ըսավ, թե ինչ-որ ծրագրով հայտնաբերվել է, որ մեր պապը մե 7-8 ամիս աշխատել է, դրա համար էլ մեր նպաստը կտրել են»:

Պարզվեց, որ 83-ամյա Լիպարիտ Տիգրանյանն իրոք 2008թ. 8 ամիս պահակ է աշխատել Կապսից դուրս` Ամասիա տանող ճանապարհին գտնվող ռեստորանում, եւ ստացել ամսական 20 հազար դրամ: Այս տարի ինչ-որ մեկը պապին խորհուրդ է տվել թոշակի վերահաշվարկի համար թուղթ վերցնել ռեստորանի տնօրենից իր աշխատած ամիսների համար եւ ուղարկել կենսաթոշակային: Տնօրենն էլ, լավության կարգով, մի քանի ամիս ավել է գրել: Այս տեղեկատվությունը հայտնվել է նաեւ նպաստ համակարգում, եւ Տիգրանյանների բազմանդամ ընտանիքը զրկվել է 36 հազար դրամ նպաստից: Այս տեղեկատվությունը հաստատեցին նաեւ Ախուրյանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում: Թաքցված եկամուտը հայտնաբերվել է «Պառնաս» ծրագրով: Թեպետ, ամսեկան 20 հազար դրամը, որ ստացել է Լիպարիտ Տիգրանյանը, անգամ եկամուտ չի կարելի կոչել: Նաեւ հավելեցին, որ Տիգրանյաններն իրոք աղքատ են, եւ իրենք չգիտեն` ինչպես վարվել, քանի որ 112 հազար դրամ վերադարձնելու խնդիր է դրված:

«Ոչ թե աղքատ, այլ շատ աղքատ ընտանիք է»,-շեշտեց ծառայության պետ Մաքսիմ Շախբազյանը: Այն, որ իրենցից 112 հազար դրամ պիտի բռնագանձեն հօգուտ պետբյուջեի, անակնկալի բերեց Արեգնազանին: «Ինչխ թե, համ կտրեն, համ էդքան գումար հետ ուզեն,- հարցրեց կինն, ու աչքերը լցվեցին արցունքով,-առանց էդ էլ էս արդեն քանի ամիս է, պապի 21 հազար դրամ թոշակով կապրինք: Էն մի աղջիկս 8-ն ավարտեց, էլ չթողեցի` դասի էրթար: Մինչեւ հիմի էդ երեխու գրքերի համար փող եմ պարտք մնացել դպրոցին: Մեծ տղես բանակ է` Մեղրի կծառայե, չենք կրնա էրթա տեսնի: 18 տարեկան մյուս աղջիկս էլ տունն է: Ամուսինս էլ տեսավ, որ սոված պիտի մնանք, մայիսից խոպան է գնացել, հլա մե կոպեկ փող չի ուղարկել»:
Արեգնազանը պատմեց, որ 170 հազար դրամ պարտք էլ Ջրմուղին ունեն: Մուծումներ արել են, բայց քանի որ հսկիչները շուտ-շուտ փոխվել են, իրենց մուծումների դիմաց կտրոն չեն տվել. իրենք էլ չեն կարողացել ապացուցել, որ պարտք չեն: Իրենց դատի են տվել, դատարանը բավարարել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի պահանջը, եւ այս ամսից իրենցից սկսել են գումար բռնագանձել: Զրույցի պահին տուն վերադարձած պապից իմացանք, որ թոշակից 10 հազար դրամ պարտքի դիմաց պահել են: Օգտագործած ջրի ու գազի դիմաց կատարած մուծումներից հետո 5 հազար դրամով տուն է եկել:
«Դե արի ու սաղ ամիս 5 հազարով ապրի,- հուսահատված` ձեռքերը տարածեց Արեգնազանը:- Ան մեծ մարդ է, տուն է եկել, ինչ պիտի դնեմ դեմն, որ ուտե, չիդեմ: Տունը մենակ հաց կա, մեկ էլ կարտոլ ունենք: Գյուղի խանութին ահագին պարտք ունեմ: Երեխեքս մնացել են կոշիկով, ձմեռն եկավ հեչ մեկը սապոգ չունի»: Տիգրանյանների գոմում ընդամնեը մեկ կով կա: Մեկ հեկտար հող ունեն, չեն կարողանում վար ու ցանք անել: Գյուղը գազիֆիկացված է, բայց իրենք ձմռանն էլի աթարով են տաքանում: Տան կահ-կարասին, բացի հեռուստացույցից, անցած դարի 70-ականների կնիքն ունի. 30 տարի է, որեւէ բան փոխելու հնարավորություն չունեն: «Մարդիկ իպրտնի ավտոներով ման գուկան, իսկ ես մինչեւ հմի լվացքը ձեռքով կենեմ, որովհետեւ լվացքի մեքենա չունեմ,- ասաց 41-ամյա կինը:- էս էլ ապրելակերպ է, հա, որ տված 36 հազար դրամն էլ շատ կհամարեն, կկտրեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել