HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալը երեք պաշտպան փոխեց, բայց այդպես էլ անպաշտպան մնաց դատարանի առջեւ

Ամբաստանյալ Աշոտ Գեւորգյանը դատաքննության ընթացքում մեկ անգամ հրաժարվել էր Կոտայքի մարզի հանրային պաշտպան Ռոբերտ Ղազարյանից` պատճառաբանելով, որ նա իր շահերի պաշտպանությունը չի իրականացնում:

Այնուհետեւ նրա հարազատները պայմանագիր են կնքել վճարովի փաստաբանական գրասենյակի հետ, սակայն երկու դատական նիստից հետո փաստաբանները հրաժարվել են Ա. Գեւորգյանի շահերի պաշտպանությունից, քանի որ նրանք չեն կարողացել վճարել պայմանագրային ամբողջ գումարը: Անպաշտպան մնացած ամբաստանյալը կրկին հանրային պաշտպան է պահանջել եւ դատարանին ներկայացրած միջնորդությունով խնդրել է իր շահերը պաշտպանելու համար հրավիրել հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանին, որը սպասարկում է Գեղարքունիքի մարզի տարածքը: Գործը քննող Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրայր Սարգսյանը մերժել է նրա միջնորդությունը` գրելով, որ այդ հարցի լուծման իրավասությունը տրված է ՀՀ Փաստաբանների պալատին: Հանրային պաշտպանի գրասենյակը ամբաստանյալ Ա. Գեւորգյանի շահերի պաշտպանությունը կրկին հաձնարարել է Կոտայքի մարզի հանրային պաշտպան Ռոբերտ Ղազարյանին: Նոյեմբերի 27-ի դատական նիստում իր նախկին պաշտպանին դատաքննությանը կրկին ներգրավելու վերաբերյալ ամբաստանյալը որեւէ կարծիք չհայտնեց, սակայն դատելով նրա պահվածքից` այլեւս հույսեր չէր կապում նրա հետ եւ անձամբ էր փորձում իրականացնել իր պաշտպանությունը: Ըստ մեղադրական եզրակացության` Մարտունի քաղաքում կատարած բնակարանային գողության համար դատապարտվող Աշոտ Գեւորգյանը դատարանի սրահում հանդիպելով գործով տուժող ճանաչված կնոջը` ոտքով հարվածել է նրան, վերջինս ուշագնաց է եղել: Այնուհետեւ, դատական նիստի ժամանակ չի ենթարկվել դատավորի կարգադրություններին եւ դուրս է եկել դահլիճից: Ոստիկանը նրան փորձել է վերադարձնել նիստերի դահլիճ, սակայն նա չի ենթարկվել ոստիկանի կարգադրություններին, հարվածել է նրան ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, Հրազդանի դատարանում, որտեղ Հյուսիային քրեական դատարանը քննության էր առնում գողության մեջ մեղադրվող Մարտունի քաղաքի բնակիչ Աշոտ Գեւորգյանի քրեական գործը: Դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարական կարգը խախտելու համար նրա նկատմամբ տույժ է կիրառել` 10 օրով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Այնուհետեւ, դեպքի հետ կապված քննություն է սկսվել, որտեղ նախաքննական մարմինը փորձել է իբրեւ վկա ներգրավել նաեւ նրա նախորդ պաշտպանին` Գեղարքունիքի մարզի հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանին: Թե ինչու է ամբաստանյալը նման վարքագիծ դրսեւորել դատարանում նրա մայրը` Անահիտ Գեւորգյանը մեզ հայտնեց. «Դատավոր Մ. Մակյանը դատի ժամանակ թույլ չէր տալիս, որ տղաս խոսեր, ցուցմունք տար: Դատի ժամանակ իրեղեն ապացույց հեռախոսը չկար, ուրիշ հեռախոս էր ներկայացված դրա փոխարեն: Աշոտը դատավորին ասեց. «Միակողմանի մի եղիր, սա ուրիշ հեռախոս ա»: Դատավորն ասեց` քեզ համար ինչ տարբերություն, թե ինչ հեռախոս ա: Աշոտն էլ ասեց, որ այդպես է` ես դուրս եմ գալիս դատարանից: Դատավորն էլ ասեց, որ ծեծելով հետ կբերեմ»: Անահիտ Գեւորգյանը հայտնեց, որ հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանի ծառայությունից իրենք չեն հրաժարվել: «Դատավոր Մակյանն այնպես արեց, որ երկրորդ դատի ժամանակ Ա. Սաղաթելյանն այլեւս որդուս պաշտպանը չլինի: Այդպես նրան զրկեց պաշտպանությունից` ասելով, որ դու վկա ես եղել այդ ծեծին, վկան պաշտպան լինել չի կարող»,- հայտնեց ամբաստանյալի մայրը: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրայր Սարգսյանի նախագահությամբ քննվող դատական նիստում նոյեմբերի 27-ին ցուցմունք էր տալիս մյուս տուժողը` ՁՊՎ ավագ Ռուդիկ Գրիգորյանը: Նախորդ դատական նիստում նա ցուցմունքներ էր տվել եւ հայտնել, որ ամբաստանյալը դիտավորյալ չի հարվածել իրեն, այլ` միամտաբար: Սակայն այդ օրը փոխեց իր ցուցմունքը` ասելով, որ Ա. Գեւորգյանի հարազատներն էին իրեն խնդրել մեղմացնել կատարվածը, այդ պատճառով էր այդպես ասել, սակայն հետո մտածեց` ինչու՞ է իր վրա վերցնում այդ «բեռը» եւ որոշեց ճշմարտությունը հայտնել դատարանին: Մինչ նրա բացատրությունները, ամբաստանյալն առաջ ընկնելով` դատարանին հայտնեց, որ Ռուդիկ Գրիգորյանն իր հարազատներին ասել է, թե միլպետն ու դատախազը ճնշում են գործադրում իր վրա եւ պետք է փոխի ցուցմունքները: Գործին մասնակցող դատախազը նկատեց, որ տուժող ոստիկանը կրկնում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, որից հրաժարվել էր նախորդ դատաքննության ժամանակ, սակայն չէր ասել, որ իրեն չի խփել, նա միայն ասել էր, որ միամտաբար է Ա. Գեւորգյանի ձեռքը կպել իրեն: Ամբաստանյալն անընդհատ փորձում էր ընդհատել տուժողին եւ իր ասելիքը տեղ հասցնել, որի համար մեկ անգամ դատավորը նկատողություն հայտարարեց նրան եւ զգուշացրեց կրկին խանգարելու դեքպում ավելի ծանր պատիժ կիրառել: Նոր պատիժը չուշացավ` ամբաստանյալը շարունակեց ընդհատել տուժողին, որի համար դատավորը որոշում կայացրեց ամբաստանյալին 3 օրով հեռացնել դատարանի դահլիճից: Նրա բացակայությամբ դատարանը շարունակեց լսել դատակոչված վկաներին, որոնք տուժողի գործընկերներն էին` նույն համակարգի ոստիկաններ ու դատական կարգադրիչներից մեկը: Տուժողի դեմքին հասցված հարվածի մասին նրանք ասում էին, որ իրենք դեպքի անմիջական ականատեսը չեն եղել, այդ մասին իրենց հետո պատմել են եւ իրենք նրա դեմքին արյուն չեն տեսել կամ այդ մասին չեն հիշում: Պաշտպան Ռ. Ղազարյանը ոչինչ չձեռնարկեց ոչ իր պաշտպանյալի ասելիքը դատարանին հասցնելու եւ ոչ էլ վկաների ցուցմունքներում հստակություն մտցնելու ուղղությամբ: Վկաներից մեկը չէր ներկայացել, եւ դատավորը կարճատեւ ընդմիջում հայտարարեց կողմնորոշվելու համար` հետաձգե՞լ դատական նիստը վկային լսելու համար, թե ոչ: Սակայն, ինչպես պարզվեց երկու օր անց, դատարանն այդ օրն ավարտված է համարել դատաքննության բոլոր փուլերը: Նոյեմբերի 30-ին, անտեսելով իր իսկ կայացրած որոշումը` ամբաստանյալին 3 օրով դատական նիստին մասնակցելուց զրկելու մասին, նրան դատարան բերեցին, եւ դատավորը հրապարակեց դատավճիռը` 6 տարվա ազատազրկում: Քանի որ գողություն կատարելու համար Ա. Գեւորգյանն արդեն դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, վերջնահաշվարկում նա դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Դատարանն այդպես էլ չլսեց ամբաստանյալի ցուցմունքները իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, դատախազը չհնչեցրեց իր մեղադրականը, պաշտպանն էլ, ինչպես պարզվեց, պաշտպանելու բան չուներ: Դատարանն ավելորդ համարեց անգամ ամբաստանյալին վերջին խոսքի իրավուք տալ: Այս ամենը ինկվիզիցիայի ժամանակներն է հիշեցնում:

Սառա Պետրոսյան

Բելլա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter