Կարգապահական տույժ` լուսանկարի պատճառով
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրել է, որ ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը, կարգապահական տույժ է կիրառվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ:
Նկարի ձախ կողմում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն է: Նրանից աջ` առաջին պլանում «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին է: Վերջինիս կողքին` «Ազատամտություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանն է: Նկարի աջ կողմում` հետին պլանում նստածը, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է: Ներքին կանոնակարգի խախտումներով կատարված այս լուսանկարը հրապարակվել է մամուլում, որի արդյունքում քրեակատարողական վարչության պետ Ա. Գիզիրյանի հրամաններով` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի և կրտսեր մասնագետի նկատմամբ:
Ինչպես նախկինում տեղեկացվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է: Նախարարի մամուլի քարտուղարը պարզաբանման կարգով հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» Ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ և հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել