Պատգամավորը բողոքարկելու է Երեւանի ոստիկանապետի գրությունը
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին 3 հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որով հայտնել էր, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների բողոքի գործողությունները, պատռել են նրանց պաստառները: Հաղորդումների վերաբերյալ պատգամավորին գրություն է ուղարկել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
«Մի գրություն է ուղարկել, թե ապացույցներ չեն հավաքվել, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոստիկաններին,- «Հետքի» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը,- գրել է, որ ոստիկանների գործողությունները պայմանավորված են եղել հասարակական կարգը պահպանելով, մի՞թե մեզ վրա հարձակվելով հասարակական կարգն է պահպանվում»:
ԱԺ պատգամավորը կարծում է, որ Երեւանի ոստիկանապետի գրության բովանդակությունն անօրինական է. «Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում պետք է կայացվի երեք տեսակի որոշում` հարուցել քրեական գործ, քրեական գործ հարուցելը մերժել կամ ուղարկել մեկ այլ մարմնին: Այս երեք որոշումներից մեկը պետք է կատարվեր, իմ կարծիքով` քրեական գործ պետք է հարուցվեր»,- ասում է Փոստանջյանը:
ԱԺ պատգամավորը պատրաստվում է բողոքարկել Ներսես Նազարյանի գրությունը Գլխավոր դատախազություն, այնտեղից մերժվելու դեպքում` դիմելու է դատարան. «Եթե դատարաններն էլ իմ բողոքը չբավարարեն, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել