
Սպասված բնակարանամուտ դեկտեմբերի 7-ին չեղավ Գյումրիում
Դեռեւս տարեսկզբին գյումրեցիներին խոստացվել էր, որ դեկտեմբերի վերջին շահագործման կհանձնվի 1320 բնակարան, այսինքն` այդքան անօթեւան բնակարանամուտ կտոնի: Հաշվի առնելով շինարարական աշխատանքների դանդաղ տեմպերը` նոյեմբերին Գյումրի այցելած քաղաքաշինության նախարարը, զգուշանալով կոնկրետ հայտարարություններ անելուց, ասաց, որ մինչեւ տարեվերջ 8 բազմաբնակարան շենք կշահագործվի, եւ ոչ մի խոսք բնակեցման մասին:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի դիտարկումներով՝ դեկտեմբերի վերջին շահագործման կհանձնվի 600-ից ավելի բնակարան: Հենց դա է պատճառը, որ դեկտեմբերի 7-ին շինհրապարակ կառավարական պատվիրակության այց չնախատեսվեց: Հանձնելու բան չկար: Դրա փոխարեն այց կլինի Շաքարի գործարան եւ Իսահակյան գյուղ՝ շահագործման հանձնված գազատարի բացման արարողությանը մասնակցելու համար: Դեկտեմբերի 7-ի դրությամբ Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակներում կանգուն է մոտ 20 քառահարկ շենք՝ մի մասը զուրկ լուսամուտներից եւ տանիքից: Բացակայում են բակերն ու բակային ճանապարհները: Բնակարաններում բացակայում է ներքին հարդարումը: Թեպետ ասում են, որ պատրաստի բնակարաններում պատերը ներկված են, իսկ հատակը՝ լամինապատված, լոգասենյակներում էլ երեւի լոգարան ու զուգարանակոնք են տեղադրելու: Գյումրիում առկա 4250 անօթեւանի խնդիրը Կառավարությունը խոստացել է լուծել մինչեւ 2012 թ-ը: Սակայն, արդեն այսօր գյումրեցի անօթեւանն իրեն խաբված է զգում: Խոսակցությունները, որ դեկտեմբերի 7-ին 100-150 ընտանիք բնակարանամուտ կտոնի, փաստորեն իրականություն չդարձան: Շինաշխատանքների դանդաղ տեմպերը պայմանավորված են այն բազմաթիվ ձեւափոխումներով, որ ընթացքում կրում են կառուցվող բնակարանները: Նախ՝ լուրեր տարածվեցին, թե 2 սենյականոց բնակարաններն ընդամենը 28 քմ են: Այնուհետեւ պարզվեց, որ «Գլենդել Հիլզը», չգիտես ինչու, միայն 1 եւ 2 սենյականոցներ է կառուցում: Երբ այս ամենի մասին բարձրաձայնվեց, սկսվեցին ձեւափոխման աշխատանքները: 3 սենյականոց բնակարաններ ստանալու նպատակով միացվել են 1 եւ 2 սենյականոցները, իսկ թե ինչի հաշվին է 2 սենյականոցների 28 քմ-ն ավելացել ու հասել 40-ից 47քմ-ի, հայտնի չէ: 2010 թ.-ից էլ «Գլենդել Հիլզ»-ը Գյումրիում ընթացող շինաշխատանքներին զուգահեռ Շիրակի մարզի 11 գյուղական համայնքների անօթեւան ընտանիքների համար սկսելու է 419 բնակարանի կառուցման ծրագիր, որը խոստացել է ավարտել 2010թ.-ի դեկտեմբերին:
Մեկնաբանել