Պատգամավորին վիրավորելու գործով նախաքննությունը շարունակվում է
Ոստիկանության հասարականության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Հետքին» հայտնեցին, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: Հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով (վիրավորանք) Կենտրոնի քննչական բաժինը քրեական գործ հարուցել էր դեռեւս հուլիս ամսին:
Ինչպես «Հետքը» տեղեկացրել էր, Փոստանջյանը հունիսի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությանը հաղորդում էր ուղարկել այն մասին, որ «Ազատամտություն» օրաթերթն իրեն զրպարտող եւ վիրավորող տեղեկություններ է հրապարակել, սակայն գործ էր հարուցել միայն վիրավորանքի մասով:
Հիշեցնենք, որ պատգամավորի վերաբերյալ այդ տեղեկությունները թերթը հրապարակել էր ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ժամանակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության առիթով, որի համար իշխանամետ քաղաքական գործիչները վերջինիս մեղադրում էին ադրբեջանցի եւ թուրք պատգամավորների հետ համագործակցելու մեջ:
Այդ շրջանում լրատվամիջոցներից շատերը հեղեղված էին պատգամավորին վիրավորող տեղեկություններով, սակայն վերջինս ոստիկանություն է դիմել միայն «Ազատամտություն» թերթի կապակցությամբ, որը նաեւ հրապարակել էր մի լուսանկար-կոլաժ` պատգամավորի դեմքը հարմարեցնելով պոռնիկի մարմնին:
«Երեխաներս նույնպես տեսել են այդ նկարը, եւ թերթը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- «Հետքին» ասել էր Զարուհի Փոստանջյանը:
«Ազատամտություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, թե իրենց հրապարակած տեղեկություններում զրպարտություն չկա, իսկ վիրավորանք` հնարավոր է: «Մարդիկ կան, որոնց պետք է վիրավորել»,- ասել էր խմբագիրը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով վիրավորանքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, այն է` 100-400 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել