Բողոքի ակցիաներ Աբովյանում, Հրազդանում և Չարենցավանում
Դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչներ և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, ըստ նախօրոք հայտարարված ծրագրի` մեկնել են Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներ, ինչի մասին այսօր մամլո հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Նշված քաղաքներում անցկացվեցին նախօրոք հայտարարված բողոքի գործողությունները` ընդդեմ Հայաստանում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»:
Հայրենասիրական երգերով ու բարձրագոչ վանկարկումներով, ինչպես նաև` տարբեր բովանդակությամբ պաստառների ցուցադրությամբ ուղեկցվող մեր ակցիա-քայլերթին ակներև հետաքրքրությամբ հետևում էին, ապա միանում ու իրենց համաձայնությունն էին հայտնում հարյուրավոր մեր հայրենակիցները: Երեք քաղաքներում էլ, չնայած ոստիկանության աշխատակիցները մեզ բացահայտ չէին ուղեկցում, բայց բնակիչները, որոնք քաջ գիտեին տեղական ԱԱԾ աշխատակիցներին, մեզ նախազգուշացնում էին, որ նկարահանողները եւ աչալուրջ հետեւողները նշված անձինք են:
Եվ, չնայած այդ «վերահսկողությանը», մենք բողոքի գործողություններն ամբողջովին իրականացրինք, ինչի շնորհիվ այս անգամ արդեն Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքների մեր հայրենակիցներին ահազանգեցինք այն վտանգավոր զարգացումների մասին, որոնք սպառնում են Հայաստանին ու հայ ժողովրդին` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու և «մադրիդյան սկզբունքները» ընդունելու դեպքում, որից, սակայն, կշահեն վաշխառուական հոգեբանությամբ իշխանական խմբակները, որոնք հսկայական անջրպետ են առաջացրել իրենց ու ողջ հայության միջև` այդ կերպ օժանդակելով ու սպասարկելով միջազգային ուժերի շահերը, ինչի արգասիքն են հակահայ «արձանագրություններն ու սկզբունքները»:
Ցավոք սրտի, ՀՀ հեռուստաընկերություններն այս անգամ ևս, չնայած պատշաճ կերպով ծանուցմանը, տեղեկացված լինելու անօտարելի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների համար դարձյալ չլուսաբանեցին մեր բողոքի գործողությունները, այսպիսով, փաստորեն, մեկ անգամ ևս վերահաստատելով, որ եթերից համակողմանի անաչառ լրատվություն հաղորդելն ու ազատ խոսքի իրենց պատկերացումներն ամբողջությամբ համընկնում են Բաղրամյան 26-ում հանգրվանած անձանց պատկերացումների հետ:
Հատուկ ուզում ենք հավելել, որ, բողոքի գործողությունների ավարտից հետո, ներշնչված լինելով մեր հայրենակիցների ջերմ համակրանքից ու ազգադավ ծրագրերին դիմադարձելու նրանց վճռականությունից, ՀՀ բոլոր մարզերում ու քաղաքներում հետագայում ևս շարունակելու ենք մեր բողոքի գործողությունները` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել