Հիշեցնելու է Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր եւ վաղը մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի եւ Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի նիստին: «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մի բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, որ հատուկ զեկուցող նշանակվեր Ջուղայի խաչքարերի վերաբերյալ, դա կցել էին Ադրբեջանում մարդու իրավունքների գծով մոնիտորինգին, սակայն այդ բանաձեւի նախագիծը մինչ օրս չի իրագործվել, ես եւս մեկ անգամ հիշեցնելու եմ այդ մասին եւ տպագիր ու վիդեո նյութեր եմ տարածելու Ջուղայում հայ խաչքարերի ոչնչացման վերաբերյալ»,- մեկնելուց առաջ «Հետքի» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եկեղեցիների ոչնչացմանը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այդ հարցը եւս կփորձի բարձրացնել հանձնաժողովի նիստում: «Հարցը բանավոր բարձրացնելու խնդիր չունեմ, եթե օրակարգին համապատասխանի, անպայման կբարձրացնեմ: Բայց պետք է ավելի արդյունավետ միջոց գտնենք, հարցը միայն բանավոր բարձրացնելը քիչ է, գրավոր փաստաթուղթ պետք է շրջանառության մեջ դնենք»,- ասում է ԱԺ պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել