HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սեյսմիկ համակարգի շնորհիվ հնարավոր է կանխորոշել սեյսմիկ անկայուն կետը և կուտակված մագնիտուդը

07_12-antonyan«Ակնադիտական ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում նոր կառուցվող շենքերը առանձին վերցրած ամուր են և սեյսմակայուն: Սակայն, այդ նույն շենքերի գրունտ համակարգը սեյսմակայուն չէ և կարող է թեքվել` կաթվածահար անելով աղետի գոտում իրականցավող աշխատանքները»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարեց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:

Պրն Անտոնյանը համոզված է, որ ավելորդ ռիսկային տարրերից խուսափելու լավագույն տարբերակը Երևանի կենտրոնական մասերում քաղաքաշինական ճիշտ քաղաքականություն վարելն է: Հանրապետության ներկա սեյսմիկ ռեժիմը, Ա.Անտոնյանի խոսքերով, գտնվում է նորմալ տոնային տիրույթում: Վերջին երեք տարիներին գրանցված 65-50 երկրաշարժերից 2007 թ. զգացվել է 11-ը, 2008 թ. `10-ը, 2009 թ.`7-ը: Աղետների վտանգը նախնական փուլում կանխորոշելու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար բանախոսը կարևորեց ժամանակակից տեխնոլոգիաների անհրաժեշտությունը, որի կարիքը խիստ զգացվում է, և տեղեկացված լինելը: Ազգային սեյսմոլոգիկ ցանցն ինտեգրված է համաշխարհային տարբեր ցանցերի մեջ, մասնավորապես «Այրիս» գլոբալ սեյսմոլոգիական ցանցին,Ատոմային պայթյունների համապարփակ արգելակման միջազգային կազմակերպությանը, որի միակ կայանը տարածաշրջանում գտնվում է Գառնիում: «Գլոբոլ սեյսմոլոգիական ցանցի հետ առնչություն ունեցող կայանները պարբերաբար թարմացվում են նորագույն սարքավորումներով, ինչը չի կարելի ասել տեղական երկրաշարժերի գրանցման և մշակման կայանների տեխնիկական հագեցվածության մասին, որոնք և՛ ֆիզիկապես և՛ բարոյապես սպառել են իրենց»,- ասաց Ալվարո Անտոնյանը: Սեյսմիկ ծառայության համար գերխնդիր հանդիսացող սարքավորումների հարցը մասնակի լուծվեց Ֆրանսիայի համապատասխան ծառայության տրամադրած 0.5 միլիոն եվրո արժողությամբ սարքավորումներով, որոնք արդեն տեղադրվում են Վայքի շրջակայքում կառուցված կայաններում: Նախատեսվում է մինչև տարվա վերջ 10 կայաններից 6-ը գործարկել: Ժամանակի իրական մասշտաբով ինֆորմացիան հաղորդվելու է կենտրոն, որտեղ էլ այն կմշակվի: Սարքավորումներով և մեթոդաբանությամբ լիովին նոր համակարգը, ինչպես խոստովանում է պրն Անտոնյանը, «փրկություն է» երկրի սեյսմիկ ծառայության համար: Ինչ վերաբերում է բնակելի շենքերի սեյսմիկ կայունությանը, ապա հաշվի առնելով այն փաստը, որ բնակֆոնդի 70 տոկոսը կառուցվել է սովետական տարիններին, երբ սեյսմիկ վտանգը Հայաստանի համար սահմանված էր 7 մագնիտուդային բալ (իրական 9 բալի փոխարեն), դրանք այսօր հեռու են սեյսմիկ կայուն համարվելուց և ամրացման կարիք ունեն: Պրն Անտոնյանի հավաստմամբ` բնակելի շենքերի սեյսմակայունությունն ապահովելու համար 1992-93 թթ. տվյալներով անհրաժեշտ է 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն ավելին է, քան տարեկան պետբյուջեն: Վերջերս շենքերի սեյսմիկ ապահովության մասին ընդունված օրենքի սահմաններում ուսումնասիրվում և գրանցվում են առավել վթարային շենքերը: «Մասնավոր, պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվում է վթարային շենքերի ամրացումը` փուլ առ փուլ փոքրացնելով սեյսմիկ վտանգը»,-ասաց նա: Հաշվի առնելով բնակչության խտությունը, բարձրահարկ, մեծապես սեյսմիկ անկայուն շենքերի առկայությունը` Երևանում մոտ 8 մագնիտուդային բալ երկրաշարժի դեպքում լայնամասշտաբ ավերածությունների հավանականությունը մեծ է: Այս փաստը Ա.Անտոնյանը նորմալ է գնահատում` կոչ անելով բոլորին պայքարել սեյսմիկ ռիսկի փոքրացման համար: «Այդ նպատակով սեյսմիկ ծառայության կողմից իրականացվում են երկրաշարժերի կանխորոշման ուղղությամբ աշխատանքներ, որոնք էլ թույլ են տալիս նախօրոք իմանալ սպասվող ուժեղ երկրաշարժի մասին` բացառելով սպիտակյան նախադեպը»,- ասաց բանախոսը: Ըստ Ա. Անտոնյանի` առավել հաջող են ստացվում ընթացիկ սեյսմիկ վտանգների գնահատման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հույս» կոչվող նոր համակարգի շնորհիվ: ՀՀ-ում տեղակայված մոտ 150 կայաններից ստացված տվյալները մշակելով՝ որոշվում է սեյսմիկ անկայուն կետը և կուտակված հավանական մագնիտուդը: Դրա հետ մեկտեղ, սեյսմիկ ծառայությունը պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ ու սեմինարներ՝ տեղեկացնելով հասարակությանը աղետի դեպքում համապատասխան վարվեցողության և անվտանգության կանոնները: Սեյսմիկ առկայության համապատասխան բաժանմունքներ են գործում ՀՀ բոլոր բնակավայրերում եւ Արցախում, որոնք էլ իրականացնում են նույն գործառույթները:

Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter