HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռօրյա այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, նույն օրը Լատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Լատվիայի նախագահի ու տիկին Լիլիտա Զատլերեի կտրվի պետական ճաշ: Այցի շրջանակում նախագահ Զատլերսը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը: Լատվիայի Նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Երեւանի պետական համալսարանում նախագահ Զատլերսը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Երեւանի քաղաքապետարանում Լատվիայի նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, կշրջի Երեւանի պատմության թանգարանում: Հայաստան այցի օրերին Լատվիայի նախագահը կլինի նաեւ Երեւանի կոնյակի գործարանում եւ Մատենադարանում: Դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter