HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամբաստանյալը «չհիշեց», թե ինչու է հրաժարվել պաշտպանից

08_12-dataranԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ատոմ Թումանյանի, Վարդան Բադալյանի, Արթուր Եսայանի եւ Սամվել Չապուխյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Ավազակություն»): Նախաքննության ընթացքում 4 ընկերներն էլ պաշտպան չեն ունեցել:

Երբ զրուցում էինք նրանցից յուրաքանչյուրի հետ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու չեն օգտվել պաշտպան ունենալու իրենց իրավունքից; Հանրային պաշտպանի ծառայություններից նույնպես հրաժարվել էին` առանց հասկանալու հրաժարվելու պատճառը: Արթուրը դատարանում պաշտպան ունենալու ցանկություն է հայտնել: Քանի որ նման դեպքում արդեն օրենքով պարտադիր է մնացածների համար պաշտպան ունենալը, դատարանում Ատոմը, Սամվելն ու Վարդանը օգտվել են հանրային պաշտպանի ծառայություններից: Նրանց իրավունքները պաշտպանում է Արագածոտնի մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանը: Նշենք, որ Ատոմի, Վարդանի ու Արթուրի  հետ հանդիպեցինք դատարանում: Նրանք բավականին ուրախ էին եւ չէին զղջում, որ նախաքննության ընթացքում պաշտպան չեն ունեցել: Մեզ հետ զրույցում Ատոմն այդպես էլ «չհիշեց», թե ինչու է հրաժարվել պաշտպանից: Միայն ասաց, որ հիմա գոհ է իր փաստաբանից` հանրային պաշտպանից: «Նման հարցեր մի տվեք: Ոնց որ քննության եկած լինեմ»,- դժգոհեց նա: Վարդանի ասելով էլ, քննիչն իրենց բացատրել է, որ պաշտպան ունենալու իրավունք ունի, սակայն այդ իրավունքից չի օգտվել: «Եթե քննիչը բացատրել է ձեր իրավունքները, ինչո՞ւ հրաժարվեցիք պաշտպան ունենալու իրավունքից»,- հարցրինք Վարդանին: «Այդ պահին ցանկությունս այդպես է եղել, հրաժարվել եմ: Հիմա էլ ունեմ ու գոհ եմ իմ պաշտպանից»,-ասաց Վարդանը: Նրա կողքին նստած Ատոմը հուշում էր, թե ասա, որ քննիչը պաշտպան ունենալու իրավունքի մասին իրենց բացատրել է: «Պաշտպանից հրաժարվելու համար մենք գրավոր թուղթ ենք ստորագրել»,- ընկերոջը «օգնեց» Ատոմը: Արթուրի մոտեցումները` նախաքննության ընթացքում պաշտպան չունենալու մասին, ոչնչով չէր տարբերվում նրա ընկերների կարծիքից: «Քննիչն ինձ ասաց, որ կարամ պաշտպան ունենամ, բայց էս էդ պահին ոչ մի բան չեմ մտածել ու միանգամից հրաժարվել եմ»,- նշեց Արթուրը: Սամվել Չապուխյանի հետ չզրուցեցինք: Նա սպանություն կատարելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: 3 երիտասարդների հետ ավազակային հարձակում կատարել է հետախուզման ժամանակ եւ գիտակցելով իր վիճակը, որ նույնիսկ փաստաբանը ոչնչով չի կարող օգնել, հանգել է այն հետևության, որ փաստաբանի կարիք չունի եւ դա ցույց է տալիս նույնիսկ դատարանի դահլիճում: Նշենք, որ  Սամվել Չապուխյանը Ատոմին, Վարդանին ու Արթուրին  դատարանում փորձում է համոզել, որ պաշտպանը ոչ մի բանով չի կարող իրենց օգտակար լինել եւ նրանից օգնություն սպասելը` ինքնախաբեություն է: Երեք ընկերները երբեմն լսում են Սամվելի «խորհուրդները»` դժվարացնելով պաշտպանների գործը: Հանրային պաշտպան Արսեն Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախաքննության ժամանակ ամբաստանյալները պաշտպանի օգնությունից հրաժարվելը պատճառաբանել են նրանով, որ պաշտպանը չէր կարող իրենց օգնել: Ակնհայտ է, որ 3 երիտասարդներն էլ տեղեկացված չէին իրենց իրավունքների մասին, իսկ քննիչներն այդպես էլ պատշաճ չէին բացատրել պաշտպան ունենալու իրավունքի մասին: Հակառակ դեպքում, Ատոմը չէր «մոռանա», թե ինչու է հրաժարվել պաշտպանից: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ամբաստանյալները մեր հարցերին պատասխանում էին իրար հուշելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter