
«Հայելի» ակումբում այսօր Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն ամփոփեց 2009-ի 11 ամիսների ընթացքում իրենց աշխատանքի արդյունքները: 2009-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 610 626 ճանապարհային երթևեկության կաննոների խախտում: Խախտումների արդյունքում այս տարի 1 850 ավտոտրանսպորտային պատահար է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 296 քաղաքացի, վիրավորվել 2576-ը:
Անդրադառնալով Երևանում արագաչափերի (ռադար) տեղադրմանը` Մ. Օհանյանն ասաց, որ Ֆինանսների նախարարության գնումների կոմիտեում հայտը ներկայացված է: «Երևի մինչև 2010թ. սեպտեմբերի մեկն արդեն կունենանք արագաչափերը, որոնք սկզբից Երևանում կտեղադրվեն, ապա` ողջ Հայաստանում: Դրանք վարորդ-տեսուչ շփումը իսպառ վերացնում են»,- ասաց նա:
Ամրագոտիներ չկապելու համար, Մ. Օհանյանի խոսքով, այս պահի դրությամբ 35 408 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել, որի արդյունքում նրանց հիմնական մասը տուգանվել է 5000-ական դրամով:
Անդրադառնալով այն հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են տուգանվել` ամրագոտի չկապելու համար, ճանապարհային ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բարձրաստիճան ղեկավարներն ավելի շատ են ամրագոտի կապում, քան սովորական քաղաքացիները: «Իսկ ովքեր շատ բարձրաստիճան են, նրանք նստում են ավտոմեքենայի հետևի մասում»,- ասաց նա:
5 179 խախտում է գրանցվել հետիոտների` ոչ ճիշտ վայրում փողոցն անցնելու առթիվ: «Հետիոտները սկսել են հիմնականում անցումներով անցնել, չնայած դեռ շատերն են սխալ տեղով անցնում: Հետո մենք ոչ բոլորին ենք տուգանում: Աշխատում ենք հետ ուղարկել, որ ճիշտ տեղով անցնի»,- ասաց նա` նշելով, որ Երևանում մյուս տարի 15 վերգետնյա անցում է նախատեսվում կառուցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել